Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց կաթոլիկ ուխտավորներին
Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Ռուսաստանի Դաշնությունից ժամանած կաթոլիկ ուխտավորների՝ առաջնորդությամբ Մոսկվայի Տիրամոր թեմի արքեպիսկոպոս միտրոպոլիտ Պաոլո Պեցցիի։
Հանդիպմանը Հայոց Հայրապետը, իր օրհնությունը բերելով ուխտավորներին, ներկայացրեց Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հետևանքով Արցախում ստեղծված աղետալի իրավիճակը, որի նպատակն է հայաթափել Արցախը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նմանօրինակ ցեղասպան գործողությունների պատճառ նկատեց միջազգային հանրության կողմից ոչ համարժեք միջոցների գործադրումն Ադրբեջանի որդեգրած դատապարտելի քաղաքականության կասեցման ուղղությամբ։
Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց նաև Հայ և Կաթոլիկ, ինչպես և քրիստոնեական Քույր Եկեղեցիների միջև առկա ջերմ փոխհարաբերություններին ու սերտ գործակցությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունն ընդգծեց, որ Եկեղեցիների ու կրոնների համագործակցությունը հիմնական կարևորություն ունի ազգերի միջև խաղաղության և համերաշխության հաստատման համար։
Շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանն ուխտավորներին ընդունելու համար՝ արքեպիսկոպոս Պեցցին իր զորակցությունն ու աղոթքը բերեց հայ ժողովրդին այս ծանր ու դժվարին օրերին։