Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը
Փետրվարի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը Նորին Սրբությունը հյուրերին ներկայացրեց Հայ Եկեղեցու ունեցած առանձնահատուկ դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում՝ նշելով, որ այսօր էլ Հայ Եկեղեցին շարունակում է իր այդ կարևոր առաքելությունը։
Հայոց Հովվապետը հույս հայտնեց, որ պատվիրակության այցը Հայաստան խթան կհանդիսանա երկու երկրների բարեկամական հարաբերությունների զորացման և արդյունավետ համագործակցության ամրապնդման գործում։
Անդրադարձ կատարելով տարածաշրջանում տիրող դժվարին կացությանը և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ Նորին Սրբությունն իր մտահոգությունը հայտնեց Արցախի ժողովրդի խաղաղ ու ազատ ապրելու իրավունքի դեմ նոր ոտնձգությունների և դրանց հետևանքով ստեղծված հումանիտար աղետի առնչությամբ։ Հայոց Հայրապետը կարևոր նկատեց միջազգային հանրության, այդ թվում՝ Խորվաթիայի հետևողական ջանքերի գործադրումը Լաչինի միջանցքի վերաբացման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության անաղարտ պահպանության ուղղությամբ, ինչպես նաև Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի կողմից դրսևորվող նկրտումների կանխման գործում։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև հայ գերիների վերդարձման խնդրին՝ ակնկալելով, որ Խորվաթիայի իշխանությունները ևս գործուն քայլեր կձեռնարկեն այս ուղղությամբ։
Իր հերթին նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ պատվիրակության այցը Հայաստան նաև նպատակ է հետապնդում, ըստ ամենայնի, ծանոթանալու տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և իրենց նպաստը բերելու խնդրի խաղաղ կարգավորմանը։