Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի պաշտպանության նախարարին
Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայմանն ու զարգացմանը: Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ պաշտպանության նախարարի այցը Հայաստան կնպաստի առկա գործակցության առավել ամրապնդմանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև ընդգծեց, որ հայ ժողովուրդը երախտապարտ է Լիբանանին, որ Հայոց Ցեղասպանությունից հետո Եղեռնից մազապուրծ հայերին հյուրընկալեց և հնարավորություն ընձեռեց, որպեսզի վերակազմակերպեն իրենց ազգային-հոգևոր կյանքը:
Իր հերթին Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը ուրախություն հայտնեց Մայր Աթոռ կատարած այցի առիթով, ապա խոսեց երկու նախարարությունների համագործակցության մասին:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Լիբանանի հայ համայնքին, երկու ժողովուրդների արժեքային ընդհանրություններին, և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, արդյունավոր առաքելություն ցանկանալով նախարարին, մաղթեց, որ Լիբանանի ժողովուրդն ապրի խաղաղության մեջ և վերականգնի ծաղկուն իր կյանքը: