Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաքի Հանրապետության նախագահին
Նոյեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին։
Ողջունելով Իրաքի նախագահի գլխավորած պատվիրակության այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ վերջինիս այցելությունը Հայաստան կնպաստի երկու ժողովուրդների փոխհարաբերությունների առավել սերտացմանը և միջպետական կապերի ամրապնդմանը։ Խոսելով Իրաքի հայ համայնքի մասին` Ամեմայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ այն իր կարևոր նպաստն է բերում հայ-իրաքյան հարաբերությունների խորացման գործում։ Այս առնչությամբ Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց Իրաքի իշխանություններին` համայնքի և նրա ազգային-հոգևոր կյանքի նկատմամբ հոգածու ուշադրության համար։
Հանդիպմանը Հայոց Հովվապետն անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ու ցեղասպանական գործողություններին, որոնց հետևանքով արցախահայությունը ենթարկվեց բռնի տեղահանության, ներկայացրեց երկրի առջև ծառացած անվտանգային և հումանիտար մարտահրավերները։
Իր հերթին Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդը տեղեկացրեց, որ իր պատվիրակության այցը Հայաստան նպատակ է հետապնդում առավել ամրապնդել ու զարգացնել երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում։ Նախագահն անդրադարձ կատարեց Իրաքում տիրող իրավիճակին և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին: Այս առիթով Իրաքի նախագահը գոհունակությամբ ընդգծեց, որ Իրաքի հայ համայնքը ևս իր կարևոր մասնակցությունն է բերում երկրի առաջընթացի կերտման գործում։
Վերջինս հաստատեց նաև, որ Իրաքի իշխանությունները հետևողական ջանքեր են գործադրում ապահովելու երկրի ազգային ու կրոնական փոքրամասնությունների համերաշխ գոյակցությունը և նրանց իրավունքների պաշտպանությունը։
Նախագահ Լատիֆ Ջամալ Ռաշիդն Ամենայն Հայոց Հայրապետին հրավեր ուղղեց այցելելու Իրաք։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը։