Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրանի Մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրանի Մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահին 20.02.2016

Փետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ, ԻԻՀ նախագահի խորհրդական Աբուզար Էբրահիմի Թորքամանին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կարևորելով հայ-իրանական միջպետական հարաբերությունները, նշեց, որ երկու բարեկամ ժողովուրդների կյանքը հատկանշված է բազմադարյա մշակութային սերտ կապերով: Այս առիթով Նորին Սրբությունն ի դեմս պրն. Թորքամանի շնորհակալություն հայտնեց Իրանի իշխանություններին՝ մեծապես գնահատելով Իրանում հայկական հոգևոր մշակութային արժեքների նկատմամբ դրսևորվող հոգատար վերաբերմունքը:

Հանդիպմանն Աբուզար Էբրահիմի Թորքամանը ներկայացրեց ԻԻՀ Մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նպատակները և գործունեության շրջագիծը՝ ընդգծելով աշխարհի տարբեր մշակութային և կրոնական հաստատությունների ու միջազգային մշակութային կազմակերպությունների հետ կապերի զորացման ու համագործակցության կարևորությունը:

Ամենայն Հայոց Հայրապետն ու Մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահը քննարկեցին նաև միջկրոնական երկխոսությանը վերաբերող հարցեր: Նորին Սրբությունը, մտահոգություն արտահայտելով Միջին Արևելքում տիրող իրավիճակի և մասնավորապես՝ քրիստոնեական համայնքների նվազման ու վերացման վտանգի առնչությամբ, իր հերթին անհրաժեշտ նկատեց միջկրոնական գործակցությունը՝ աշխարհի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, հանդուրժողականության և խաղաղ համակեցության մթնոլորտի վերահաստատման համար:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: