Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Թրբանճյան ընտանիքին
Հունիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մայր Աթոռի բարերարներ տեր և տիկին Ջերալդ և Փատրիսիա Թրբանճյանների (Լոս Անջելես, ԱՄՆ) զավակներ Լորի Մնչերյան-Թրբանճյանին, Փոլ ու Հարրի Թրբանճյաններին և նրանց ընտանիքներին՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց Թրբանճյան ընտանիքին` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից իրականացվող հոգևոր-կրթական ծրագրերին ցուցաբերվող զորակցության, ինչպես նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի գործունեությանը մշտապես աջակցելու համար:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը Թրբանճյան ընտանիքին ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կրթական և սոցիալական ոլորտում իրականացվող լայնածավալ գործունեությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց Հայոց Եկեղեցու առջև ծառացած արդի մարտահրավերներին` ի մասնավորի խոսելով խոնարհված սրբավայրերի վերականգնման և նոր եկեղեցիների կառուցման անհրաժեշտության, ինչպես նաև եկեղեցականների պատրաստության մասին:
Վերջում Նորին Սրբությունը գնահատանքով ընդգծեց, որ հակառակ առկա բազում կարիքների, շնորհիվ Մայր Աթոռի աշխարհասփյուռ հավատավոր զավակների զորակցության, որոնց թվում և Թրբանճյան ընտանիքի, հնարավոր է դառնում կյանքի կոչել ազգօգուտ ու հայրենաշեն բազում ծրագրեր և ամրապնդել լավատեսությունը գալիքի նկատմամբ: Այդ ծրագրերի շարքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ առանձնացրեց Թրբանճյան ընտանիքի հոգածությամբ Հառիճի վանքում հիմնված համանուն ընծայարանի և վանքի հիմնական նորոգությանն ու բարեկարգմանն ուղղված ընդարձակ ծրագիրը: