Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Զալցբուրգի համալսարանի ներկայացուցիչներին
Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոկտ., պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտին և համալսարանի դասախոսական կազմի ներկայացուցիչներին:
Պրոֆ. Յասմին Դում-Թրագուտը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց, որ Հայաստան իրենց այցի առիթը «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում» ցուցադրության բացումն է և համանուն պատկերագրքի շնորհանդեսը: Ցուցադրության հեղինակն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ընդունելության համար՝ նշելով, որ համալսարանական խմբի անդամներից յուրաքանչյուրն իր ներդրումն ունի այս գործում և հետաքրքված է հայագիտական ուսումնասիրություններով:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց հյուրերին՝ մասնավորապես գնահատելով պրոֆ. Յասմին Դում-Թրագուտի երկար տարիների հայագիտական գործունեությունը: Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց ցուցադրության բացման առիթով՝ նշելով, որ դա այն յուրահատուկ սիրո վկայությունն է, որ ունի նշանավոր հայագետն հայ ժողովրդի հանդեպ: Այս առումով Նորին Սրբությունը կարևորեց նաև համալսարանի ներկայացուցիչների ներկայությունը Հայաստանում և նրանց հետաքրքրվածությունը հայոց պատմության ու մշակույթի հանդեպ:
Զրույցի ընթացքում խոսվեց նաև եկեղեցականների պատրաստության, ինչպես նաև արտերկրի բարձրագույն կրթական հաստատություններում եկեղեցականների հետագա ուսումնառության մասին: Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ Սուրբ Էջմիածնի միաբաններն իրենց բարձրագույն կրթությունը շարունակում են Եվրոպայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի և այլ երկրների նշանավոր համալսարաններում և Քույր Եկեղեցիների հոգևոր հաստատություններում, ինչը նպաստում է նաև փոխճանաչողությանը և տարբեր Եկեղեցիների հետ կապերի առավել սերտացմանը:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ևս մեկ անգամ իր գնահատանքը հայտնեց ցուցադրության կազմակերպման առիթով՝ հայցելով, որ Տերը օրհնի և արդյունավորի գիտնականների հետագա գործունեությունը: