Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սրբոց Թարգմանչաց վարժարանի ուսուցիչներին
Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սրբոց Թարգմանչաց վարժարանի ուսուցիչներին՝ առաջնորդությամբ Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ, վարժարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Նորայր վարդապետ Գազազյանի:
Հանդիպմանը Հայր Նորայրն Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց վարժարանի հայ և օտարազգի ուսուցիչների այցի նպատակը, անդրադարձավ վարժարանի գործունեությանը:
Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքը փոխանցեց վարժարանի ուսուցիչներին՝ նշելով, որ երեխաներին կրթելն ու դաստիարակելը մարդկային կյանքի օրհնյալ առաքելություններից մեկն է: Նորին Սրբությունն ընդգծեց, որ Աստծո պատվիրանների համաձայն սերունդներ կրթելը նշամակում է կերտել մարդկության համար լուսավոր ապագա՝ զերծ չարագործություններից, անօրենություններից և բռնություններից, ապագա` լեցուն բարությամբ, սիրով և խաղաղությամբ:
Այս առիթով Հայոց Հայրապետը վարժարանի ուսուցչական անձնակազմին մաղթեց Աստծո օգնականությունն ու առաջնորդությունը, որպեսզի իրենց սրբազան առաքելության մեջ լինեն աներեր ու հաստատուն՝ արձանագրելով նորանոր հաջողություններ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրերին ներկայացրեց նաև կրթության ոլորտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող ծրագրերը` մասնավորապես անդրադառնալով Մայր Աթոռի հովանու ներքո գործող հանրակրթական դպրոցներին, նախակրթարանին և հայորդյաց տներին:
Վեհափառ Հայրապետը հետաքրքվեց Սրբոց Թարգմանչաց վարժարանի ուսումնական գործընթացով և աշակերտների առօրյայով: