Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի սաներին
Հուլիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շուրջ 20 ունկնդիրների՝ ուղեկցությամբ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ և դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանի։
Հանդիպմանը Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահը Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց դպրոցի գործունեության վերաբերյալ՝ կարևորելով նաև սաների հաղորդակցությունը հայկական հոգևոր, մշակութային ժառանգությանը, Հայոց Եկեղեցու առաքելությանն ու գործունեությանը։
Ամենայն Հայոց Հայրապետը, իր օրհնությունը բերելով երիտասարդներին, ընդգծեց, որ մարդուն մեղավոր ու սխալ ընթացքներից զերծ պահելու համար կարևոր է նրան կրթել ու դաստիարակել ազգային ավանդներով, հոգևոր, բարոյական արժեքներով, ինչպես ընտանիքներում, այնպես և դպրոցում ու ուսումնական-կրթական հաստատություններում։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորեց դպրոցի սաներին առաջնորդվել սիրո, բարու, արդարության սկզբունքներով` օրինակ դառնալով երիտասարդների համար, լինել հայրենասեր և հետևողական ջանքեր գործադրել ի նպաստ հայրենիքի զորացման ու շենացման։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց դպրոցի սաների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի ու Հայաստանի անվտանգային խնդիրներին, հայ ժողովրդի և Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղիներին։