Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահին 24.08.2005

Օգոստոսի 18-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե Վան Դեր Լինդենին` ԱԺ փոխնախագահի, Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի ուղեկցությամբ:

Ողջունելով պատվարժան հյուրի անդրանիկ այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունն անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանը հայ ժողովրդի կյանքում: Վեհափառ Հայրապետը իր գոհունակությունը հայտնեց ԵԽԽՎ նախագահին այն նպաստների եւ օգտակարությունների համար, որ Եվրոպայի խորհուրդը ներդնում է, իրականացնում է` ժողովրդավարական արժեքները ամրագրելու Հայաստանի նորանկախ պետականության կյանքում, Հայաստանի` Եվրոմիությանը ինտեգրվելու գործընթացում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: «Մենք լիահույս ենք, որ Եվրոխորհրդի աջակցությամբ պիտի կարողանանք տարածաշրջանում խաղաղությունն անշրջելի, անբեկանելի դարձնել եւ նաեւ արդար, օրինական լուծումներ ապահովել տարածաշրջանում առկա, հատկապես մեզ հուզող Ղարաբաղյան հիմնահարցին», - մասնավորաբար նշեց Ամենայն Հայոց Հայրապետը:

Իր հերթին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար եւ կարեւոր նկատեց այս հանդիպումը: Պրն. Լինդենը անդրադարձավ վեհաժողովի` ժողովրդավարական արժեքների հաստատմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներին` նշելով, որ բոլոր այդ գործընթացներում կարեւոր է եկեղեցիների եւ կրոնների դերակատարությունը, որոնք միջեկեղեցական եւ միջկրոնական երկխոսությունների միջոցով կարող են մեծ ներդրում ունենալ հասարակության մեջ վերջինների հաստատման գործում:

Հանդիպմանը նաեւ խոսվեց Հայ Եկեղեցու եւ աշխարհասփյուռ իր հոտի առջեւ ծառացած մարտահրավերների, հասարակական կյանքում Եկեղեցու գործունեության, Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին:

Հանդիպմանը ներկա էր Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: