Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵԿՄ վարչության անդամներին
Ապրիլի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում ընդունեց Երկրապահ կամավորականների ﬕության (ԵԿՄ) վարչության անդամներին` գլխավորությամբ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ու Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, ինչպես նաև եռասերունդ երկրապահները:
Միասնական Տերունական աղոթքից հետո խոսք ասաց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը` ներկայացնելով ԵԿՄ առաքելությունն ու գործունեությունը, ՀՀ անկախության 25-ամյակին ընդառաջ իրականացվող ծրագրերը: ԵԿՄ նախագահն առանձնահատուկ կերպով ընդգծեց Մայր Աթոռի և միության միջև ձևավորված գործակցության կարևորությունը հատկապես երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով կրթելու գործում:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը բերեց միության անդամներին:
Ընդգծելով Արցախի պաշտպանության գործում երկրապահների ունեցած կարևոր ծառայությունը` Նորին Սբությունը նշեց, որ երկրապահների այդ հաղթական ոգին ու գիտակցությունը նաև ԵԿՄ աշխատանքի ու ջանքերի շնորհիվ շարունակելու են ապրել սերնդեսերունդ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր ուրախություն հայտնեց, որ այսօր երկրապահները շարունակում են իրենց առաքելությունն իրականացնել կարևորագույն մի ոլորտում` մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության, Հայրենիքի արժանավոր զավակը լինելու գիտակցության կերտման գործում: Այս կապակցությամբ Հայոց Հայրապետը գոհունակություն հայտնեց Եկեղեցու ու ԵԿՄ-ի միջև առկա սերտ գործակցության համար` ավելացնելով, որ Հայ Եկեղեցին կշարունակի զորակցություն բերել նրանց ծրագրերին ու իրականացվող գործունեությանը:
Այս առիթով Նորին Սրբությունն աղոթքով վերհիշեց բոլոր այն հայորդիներին, ովքեր հայրենիքի պաշտպանության սուրբ գործի համար իրենց կյանքերն են ընծայաբերել` նշելով, որ նրանց շնորհիվ են կերտվել հայ ժողովրդի հաղթանակները: Հայոց Հայրապետը հավելեց, որ այսօր այդ քաջերի նահատակության ոգին է խաղաղ պահում հայրենիքի սահմանները:
Վերջում Գարեգին Բ Վեհափառը վստահություն հայտնեց, որ Աստծու օրհնությամբ հայ ժողովուրդը ինչպես անցյալում, այնպես էլ այսօր, կկարողանա իր քաջարի զավակների ծառայության ու նվիրումի արդյունքում ապրել խաղաղության մեջ` կառուցելով իր բարօր ու առաջընթաց կյանքը: