Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի պատվիրակության անդամներին
Մայիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հրավերով Հայաստանում գտնվող ԵՀԽ պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանի:
Հանդիպման սկզբում տիար Կարեն Նազարյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ պատվիրակության ներկայացուցիչները Հայաստանում են «Արդարության և խաղաղության ուխտագնացություն» առաքելության շրջանակում:
Նորին Սրբությունը, ողջունելով պատվիրակության անդամներին, իր գնահատանքը հայտեց ԵՀԽ-ին 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանին և Արցախին ցուցաբերած զորակցության համար:
Վեհափառ Հայրապետը պատվիրակության անդամներին ներկայացրեց հետպատերազմյան ծանր ու դժվարին իրավիճակը Հայաստանում և Արցախում՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդն իր քրիստոնեական հավատի շնորհիվ կհաղթահարի իր առջև ծառացած բոլոր մարտահրավերները։
Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետն անդրադարձավ Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով վերջինիս վերահսկողության տակ հայտնված հայկական մշակութային-կրոնական ժառանգության ոչնչացման և յուրացման փաստերին՝ այս առնչությամբ կարևոր նկատելով միջազգային համապատասխան ատյաների և միջեկեղեցական տարբեր կառույցների կողմից Ադրբեջանի որդեգրած քաղաքականության խստագույն դատապարտումն ու կանխարգելումը։
Հանդիպմանը Հայոց Հովվապետը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին արցախահայության անվտանգ և խաղաղ կյանքի ապահովմանը, գերիների վերադարձման խնդրին, տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը, հայկական հոգևոր արժեքների պահպանությանը և այդ ուղղությամբ Մայր Աթոռի կողմից իրականացվող աշխատանքներին։