Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին
Նոյեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռասիզմի, այլատյացության և խտրականության դեմ պայքարի, քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի նկատմամբ անհանդուրժողականության կանխարգելման հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ պրոֆեսոր Ինգիբյորգ Գաբրիելին և ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության անդամ, պրոֆեսոր Հերիբերթ Հիրթեին իր տիկնոջ հետ:
Նորին Սրբությունը ողջունեց հյուրերի այցը Հայաստան «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» համաժողովի առիթով` կարևորելով նման նախաձեռնությունները, որոնք ուղղված են քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի ներկայացուցիչների առջև ծառացող մարտահրավերների կանխարգելմանը և հաղթահարմանը:
Ամենայն Հայոց Հայրապետը հաստատեց, որ այս առումով Հայոց Եկեղեցին ևս մեծ ջանքեր է գործադրում տարբեր ազգերի և կրոնների ներկայացուցիչների միջև հանդուրժողականության, խաղաղ գոյակցության և սիրո ամրապնդման ուղղությամբ: Տեղեկացվեց, որ Ամենայն Հայոց Հայրապետը և Մայր Աթոռի միաբանները պարբերաբար մասնակցում են տարբեր միջկրոնական ու միջեկեղեցական հանդիպումներին, նշյալ խնդիրների շուրջ համաժողովներ և քննարկումներ են կազմակերպվում նաև Սուրբ Էջմիածնում:
Գարեգին Բ Կաթողիկոսն անդրադարձավ նաև բազմամշակույթ և բազմակրոն միջավայրերում հայոց համայնքները հովվելու Հայոց Եկեղեցու պատմական փորձառությանը: Նորին Սրբությունը շեշտեց, որ հայ ժողովուրդը գիտի խաղաղ համակեցության արժեքը, սակայն պատմության ընթացքում ճաշակել է նաև անհանդուրժողականության, այլատյացության և կրոնական խտրականության դառնությունը, ինչը շարունակվում է այսօր մի շարք հարևան երկրներում:
Հյուրերի հետ Վեհափառ Հայրապետը մասնավորաբար քննարկեց Մերձավոր Արևելքի երկրներում տիրող կացությունը, որն իր ներազդեցությունն է ունենում նաև հայ համայնքի վրա: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը տեղեկացրեց քրիստոնեական համայնքների առջև ծառացած դժվարությունների հաղթահարման նպատակով Քույր Եկեղեցիների հովվապետերի հետ միասին ձեռնարկվող քայլերի մասին:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես կարևորեց միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ-ի` անհանդուրժողականության և խտրականության դրսևորումների կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված քայլերը: Հայոց Հովվապետը հավելեց նաև, որ մտահոգիչ այդ երևույթների կանխարգելման համար ճշմարտությունը պետք է բարձրաձայնվի և երբեք քաղաքական շահերի զոհ չդառնա:
Հյուրերը ևս իրենց հերթին կարևորեցին էկումենիկ շփումներն ի նպաստ քրիստոնյա փոքրամասնությունների:
Պատասխանելով ներկաների հարցերին` Նորին Սրբությունն անհրաժեշտ նկատեց միջկրոնական շփումների և երկխոսության առավել աշխուժացումը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց ներկաներին համաժողովին բերած ակտիվ մասնակցության և կարևոր ներդրումի համար` մաղթելով հաջողություններ իրենց առաքելության մեջ:
Հյուրերն այցելեցին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ: