Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի հայ գործարարների միության անդամներին
Սեպտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի հայ գործարարների միության անդամներին՝ գլխավորությամբ միության նախագահ Մուրադ Աքյուզի և ուղեկցությամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ և ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի և Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանի:
Գերմանիայի հայոց թեմի առաջնորդը, Նորին Սրբությանը ներկայացնելով միության անդամներին և նրանց բարեսիրական գործունեությունը, հայցեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը:
Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսն արձանագրեց միության ակտիվ մասնակցությունն ու ներդրումը Գերմանիայի հայ համայնքի ազգային-հոգևոր կյանքի զորացման գործում: Վեհափառ Հայրապետը փաստեց միության կողմից Մայր Աթոռին ցուցաբերվող զորակցությունը, ինչպես նաև շարունակական աջակցությունը Գևորգյան ճեմարանին և ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին: Նորին Սրբությունը մասնավոր իր գնահատանքը հայտնեց միության նախագահին և անդամներին Հայաստանում և Արցախում իրականացվող սոցիալական և կրթական բարեգործական ծրագրերի համար:
Գերմանահայ գործարարները, Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանգամանորեն ներկայացնելով իրենց ծրագրերը, հավաստիացրեցին, որ մշտապես կանգնած են լինելու Մայր Աթոռի, Հայրենիքի և հայ ժողովրդի կողքին:
Վերջում Նորին Սրբությունը հյուրերին մաղթեց Աստծո օգնականությունն ու պահպանությունը իրենց աստվածահաճո առաքելության իրականացման գործում: