Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բրազիլիայի հայոց թեմից մի խումբ երիտասարդների

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բրազիլիայի հայոց թեմից մի խումբ երիտասարդների 12.07.2018

Հուլիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի: Երիտասարդ ուխտավորները օրերս կայացած` «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներից էին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախությունն արտահայտեց Բրազիլիայի ազգասեր և եկեղեցանվեր զավակների` Հայաստան կատարած այցի առիթով: Իր հայրապետական սերն ու օրհնությունը բերելով երիտասարդներին` Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ նրանք կապված կմնան Հայրենիքին ու Մայր Եկեղեցուն և իրենց ակտիվ ներգրավվածությամբ կշարունակեն զորացնել հայոց ազգային-հոգևոր կյանքը:

Նորին Սրբության հետ զրույցում երիտասարդները հաստատեցին, որ ոգևորված են երիտասարդական հավաքի մասնակցությամբ և հայրենակիցների հետ ծանոթությամբ, իսկ Հայրենիք ուխտագնացությունն իրենց համար նկատեցին մեծ փորձառություն:

Հուլիսի 4-ից 8-ը «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» կարգախոսի ներքո Հայաստանում կայացավ համահայկական երիտասարդական հավաք, որին մասնակցեցին ավելի քան 20 երկրներից շուրջ 400 եկեղեցասեր երիտասարդներ, նրանցից 11-ը`Բրազիլիայի թեմից: