Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի սաներին
Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Մխիթարյան վարժարանի մի խումբ սաների` առաջնորդությամբ Հայաստանում Մխիթարյան կենտրոնի տնօրեն Հայր Եղիա վարդապետ Քիլաղպյանի:
Նորին Սրբությունն իր հայրական սերն ու օրհնությունը բերեց պատանիներին` ուրախություն հայտնելով համայն հայության նվիրական սրբավայր նրանց այցի առիթով:
Արգենտինացի ուխտավորների հետ զրույցում Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձավ Մխիթարյան վարժարանի ուսուցիչների նվիրյալ և նախանձախնդիր աշխատանքին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատեց նաև, որ Հայրենիք այցն ավանդույթ է դառնում` նպաստելով, որ Հայաստանին միայն դասագրքերից ծանոթ աշակերտներն իրականում հաղորդ դառնան հայ ժողովրդի ավանդույթներին ու սրբություններին: Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ այցը հավասարապես խանդավառությամբ պիտի լցնի վարժարանի ոչ միայն հայ, այլև օտարազգի սաների հոգիները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ զրույցում պատանի ուխտավորները նաև կիսվեցին իրենց տպավորություններով, տեղեկություններ փոխանցեցին իրենց կրթական հաստատության, հետաքրքրությունների և ընտանիքների վերաբերյալ:
Նորին Սրբությունը սաներին մաղթեց բարի կեցություն, ուրախ, ոգեշնչող և հոգևոր ապրումներով հարուստ օրեր Հայաստանում: