Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի ՀԲԸՄ «Մարի Մանուկյան» վարժարանի սաներին
Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանի ավարտական լսարանի սաներին։
Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը բաշխելով աշակերտներին, ուրախությամբ ընդգծեց, որ գեղեցիկ ավանդույթ է դարձել վարժարանի ավարտական լսարանի սաների այցելությունը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց ՀԲԸՄ-ի պատասխանատուներին և վարժարանի տնօրինությանը նման նախաձեռնության համար։
Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ Հայաստան այցելությունը կսնի ու կզորացնի հայրենասիրության այն հունդերը, որոնք վարժարանի մանկավարժները սերմանել են սաների սրտերում։
Իր խոսքում Հայոց Հովվապետն անդրադարձավ Հայաստանում ու Արցախում առկա դժվարին կացությանը, Արցախում ստեղծված հումանիտար աղետին՝ ընդգծելով արցախահայության քաջարի և աննկուն ոգին, որով դիմագրավում են առկա փորձությունները։ Հայոց Հայրապետը կարևորեց նաև Սփյուռքի ազգային կառույցների ջանքերը Արցախին օգնելու և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերհիշեց Արգենտինա կատարած Հովվապետական այցելության շրջանակներում իր այցը ազգային կառույցներ և կրթական հաստատություններ՝ գնահատելով արգենտինահայ գաղութի կազմակերպվածությունն ու ազգային արժեքների նկատմամբ նախանձախնդրությունը: Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորեց ուխտավոր հայորդիներին լինել ազգասեր ու եկեղեցանվեր, վառ պահել ազգային գիտակցությունն ու ոգին և իրենց նպաստը բերել համայնքային կյանքի զորացմանը։
Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց սաների հարցերին, որոնք վերաբերում էին արցախյան հակամարտության կարգավորմանն ի նպաստ Հայ Եկեղեցու գործադրած ջանքերին և արցախահայության համար իրականացվող մարդասիրական ծրագրերին։