Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բելգիայի Մալին-Բրուքսել ավագ թեմի և Բրուքսելի շրջանի կաթոլիկ եպիսկոպոսին
Օգոստոսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար Հայաստան ժամանած Բելգիայի Մալին-Բրուքսել ավագ թեմի և Բրուքսելի շրջանի կաթոլիկ եպիսկոպոս Ժան Քոքրոլսին:
Վեհափառ Հայրապետը, ողջունելով Սրբազան Հոր այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, վստահություն հայտնեց, որ այցելությունները հայ ժողովրդի նվիրական սրբավայրեր հոգևոր նորոգության առիթ կհանդիսանան և անջնջելի տպավորություններ կթողնեն:
Իր հերթին Սրբազան Հայրը խորին շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության, հոգատարության և ուշադրության համար:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ Բելգիայում ապրող հայ համայնքը վայելում է Կաթոլիկ եկեղեցու սերն ու հարգանքը: Անդրադարձ կատարվեց նաև երկու եկեղեցիների միջև առկա ջերմ փոխհարաբերություննրին:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: