Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայից ժամանած երիտասարդների
Հուլիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա.» կրթական կենտրոնում ընդունեց Արգենտինայի հայոց թեմի «Ս. Գրիգոր Լուսավորիչ» կրթարանի, «Դերձակյան» և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանների աշակերտներին ու նրանց ծնողներին, որոնք Հայաստան են ժամանել 2018 թվականը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Երիտասարդության տարի հռչակվելու կապակցությամբ: Արգենտինահայերին ուղեկցում էր Բուենոս Այրեսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը:
Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Հայր Մաղաքիան, Նորին Սրբությանը ներկայացնելով արգենտինահայ աշակերտներին, ընդգծեց, որ այս ուխտագնացությունը վկայությունն է Հայոց Եկեղեցու և Ամենայն Հայոց Հայրապետի հանդեպ հավատարմության, ինչպես նաև առիթ` Հայրենիքի կարոտն առնելու: Հայր Սուրբը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց նաև համայնքներից ներս տարբեր բարեսիրական ծրագրերին աշակերտների մասնակցության մասին:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունն ու սերը փոխանցելով Արգենտինայից ժամանած հայորդիներին, ուրախությամբ հաստատեց, որ արգենտինահայ համայնքը Սփյուռքի ամենակազմակերպված համայնքներից է, ուր տիրապետող են հայկականության գիտակցությունն ու ոգին:
Նորին Սրբությունը, գոհունակությամբ հիշելով իր հովվապետական այցերը Արգենտինա, հաստատեց, որ հայկական տարբեր համայնքներ այցելելիս ականատեսն է դարձել արգետինահայերի զորավոր հավատքի, հայ կյանքի կերտմանն ու հայի ինքնության պահպանման գործում իրենց ներդրումը բերելու հայորդիների ազնիվ ձգտման:
Գարեգին Բ Կաթողիկոսը հորդորեց երիտասարդներին իրենց նախնյաց օրինակով լինել ազգասեր և եկեղեցանվեր, մշտապես զորացնել համայնքային կյանքը, իրենց զորավոր հավատքով հաղթահարել ժամանակակից մարտահրավերները և պահպանել ազգային շունչն ու ոգին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը հայտնեց Արգենտինայի հայոց թեմի հոգևորականաց ողջ դասին, ՀԲԸՄ-ին և համայնքների վարչությունների անդամներին նվիրյալ ծառայության և արգենտինահայ երիտասարդությանը հայեցի դաստիարակություն ապահովելու համար:
Վերջում Նորին Վեհափառությունն Աստծո օգնականությունն ու առաջնորդությունը մաղթեց արգենտինահայությանը: