Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առեւտրի եւ պաշտամունքի նախարարին
Օգոստոսի 31-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առեւտրի եւ պաշտամունքի նախարար Ռաֆայել Անտոնիո Բիելսայի գլխավորած պատվիրակությունը` ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի եւ Արգենտինայում ՀՀ դեսպան Արա Այվազյանի ուղեկցությամբ: Պատվիրակության կազմում էին նաեւ Հայ Եկեղեցու նվիրյալ զավակներ` բարերարներ Էդուարդո Էռնեկյանը եւ Լեոն Կառլոս Արսլանյանը:
Ողջունելով նախարարի այցը Մայր Աթոռ` Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ եւ ուրախությամբ վերհիշեց 2004թ. մայիսին Արգենտինա կատարած իր Հովվապետական այցելությունը եւ հանդիպումը պրն. Բիելսայի հետ: Նորին Սրբությունն իր խոսքում ներկայացրեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայիս գործունեությունը: Ապա Հայոց Հայրապետն իր գնահատանքն ու շնորհակալությունը հայտնեց ի դեմս նախարարի Արգենտինայի իշխանություններին այն հոգատար վերաբերմունքի համար, որ դրսեւորվում է հայ ժողովրդի զավակների նկատմամբ, եւ նաեւ իր օրհնությունը հղեց հայորդի բարերարներին, ովքեր կարեւոր ներդրում են ունենում Հայաստանի կյանքի առաջընթացի գործում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ անդրադարձավ Հայոց Ցեղասպանության խնդրին` «Արգենտինան առանձնահատուկ տեղ ունի մեր ժողովրդի հոգուց ներս: Արգենտինան այն երկրներից մեկն է, որը ճանաչեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ գործած մեծագույն ոճիր: Եվ մեր ժողովուրդը գիտի գնահատել արիության ոգին Արգենտինայի եւ իր ժողովրդի»: