Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայի Վիլուպի քաղաքապետին
Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի Վիլուպի քաղաքապետ Քեյլ Չայլզ Քիտնիին:
Հանդիպմանը ներկա էին Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի առիթով Մայր Աթոռ ժամանած Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի ու Ծայրագույն Արևելքի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը և թեմի ներկայացուցիչներ:
Հայկազուն Սրբազանը Նորին Սրբությանը ներկայացրեց Վիլուպի քաղաքապետի հայանպաստ գործունեությունը՝ մասնավորապես ընգծելով քաղաքապետարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում վերջինիս ունեցած կարևոր դերակատարությունը:
Այնուհետև Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը փոխանցեց տիկին Քեյլ Չայլզ Քիտնիին: Նորին Սրբությունն իր ուրախությունն արտահայտեց Երևանն ու Սիդնեյը քույր քաղաքներ հռչակելու առիթով` վստահություն հայտնելով, որ դա առավել ևս կնապաստի հայ-ավստրալական բարեկամական հարաբերությունների և երկու երկրների միջպետական կապերի ամրապնդմանը:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Ավստրալիա կատարած իր հավվապետական այցերին` գոհունակությամբ արձանագրելով, որ ականատեսն է եղել հայ համայնքի ծաղկուն կյանքին, ինչպես նաև այն ջերմ ու հարգալից վերաբերմունքին, որին Ավստրալիայում արժանանում են հայ ժողովրդի զավակները:
Իր հերթին Վիլուպի քաղաքապետ Քեյլ Չայլզ Քիտնին խոսեց հայ համայնքի մասին, կարևորեց նաև քաղաքների միջև ձևավորվող գործակցությունը:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները հղեց Ավստրալիայի ժողովրդին` հայցելով, որ Երկնավոր Տիրոջ օրհնության ներքո միշտ ապրի խաղաղության ու բարօրության մեջ: