Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ սենատոր Ֆրանկ Փալոնեին
Սեպտեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեին:
Նորին Սրբությունը, ողջունելով պրն. Ֆրանկ Փալոնեի հերթական այցը Մայր Աթոռ, գնահատանքով անդրադարձ կատարեց հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում վերջինիս ներդրած հետևողական ջանքերին և Հայաստանի կողմից հաղթահարվող դժվարությունների նկատմամբ ցուցաբերած ուշադրությանը:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահը խոսեցին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և քրիստոնեական համայքների նվազման խնդրի մասին, ինչպես նաև անդրադարձան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին, Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերներին և Եկեղեցի-պետություն հարաբերություններին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավոր առաքելություն մաղթեց սենատորին: