Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի կամավորական ծրագրերի մասնակիցներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի  կամավորական ծրագրերի մասնակիցներին 10.07.2017

Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի երիտասարդաց միության «Ծառայություն Հայաստանին» և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի երիտասարդաց միության «Առաքելություն դեպի Հայաստան» կամավորական ծրագրերի մասնակիցներին՝ ուղեկցությամբ խմբերի ղեկավարներ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի (Մինեսոտայի Ս. Սահակ եկեղեցի) և Արժանապատիվ Տ. Գրիգոր քահանա Զաքարյանի (Կալիֆորնիայի Ս. Կարապետ եկեղեցի):

Հանդիպման սկզբում քահանա հայրերը Նորին Սրբությանը ներկայացրեցին խմբերի` Հայաստան այցելության նպատակը և կամավորական ծառայության ոլորտները, որից հետո երիտասարդներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Վեհափառ Հայրապետն իր ուրախությունը հայտնեց երիտասարդ հայորդիների Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով` գոհունակությամբ հաստատելով, որ Սփյուռքի հայոց թեմերի կողմից հաճախ կազմակերպվող այցելությունները Հայաստան իրենց անջնջելի հետք են թողնում երիտասարդների կյանքում` առիթ ընձեռելով նրանց զորանալու իրենց ինքնությամբ, ճանաչելու և հաղորդակցվելու հայրենիքի ազգային և հոգևոր արժեքներին:

Գարեգին Բ Կաթողիկոսը պատգամեց հայորդիներին հպարտությամբ կրել հայի անունը, հպարտության զգացումով վկայել այն արժեքների մասին, որոնք դարերի ընթացքում կերտվել են հայ ժողովրդի կողմից, և իրենց ինքնության բարձր գիտակցությամբ իրագործել սեփական առաքելությունն ազգային կյանքում:

Նորին Սրբությունը ողջունեց երիտասարդների կողմից տարբեր հաստատություններից ներս իրականացվող կամավորական աշխատանքը` կարևոր նկատելով այն նախ իրենց քրիստոնեական նկարագրի ձևավորման համար: Վեհափառ Հայրապետը գնահատեց նաև նրանց ծառայանվիրումի և պատրաստակամության ոգին` հորդորելով, հավատարիմ տերունավանդ պատվիրաններին, կյանքի ընթացքում մշտապես իրենց կարողություններն ու հմտությունները ի սպաս դնել մարդասիրական ու բարեսիրական կամավորական ծրագրերին:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 20-րդ դարի պատմությանը` մասնավորապես խոսելով Հայոց Ցեղասպանության և Խորհրդային իշխանության տարիներին Եկեղեցու կրած կորուստների և հաղթահարած դժվարությունների մասին: Նորին Սրբությունը նաև ներկայացրեց Հայաստանի անկախացումից հետո Եկեղեցու կողմից իրականացված լայնածավալ գործունեությունը և ազգօգուտ ծրագրերը:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու առաքելությանը, Սփյուռքի երիտասարդությանը Եկեղեցու և հայրենիքի շուրջ համախմբելու ուղիներին, ինչպես նաև եկեղեցական կյանքին կանանց մասնակցությանը:

Վերջում Նորին Սրբությունը հայորդիներին մաղթեց լինել ազգի արժանի զավակներ և կարողանալ իրենց ազգանվեր ծառայությամբ օգտակարություն բերել իրենց համայնքերին ու հայրենիքին:

Հանդիպումից հետո երիտասարդները Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագին: