Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Եղիցի լույս»-ի մրցանակակիր Արմեն Մեդվեդևին
Նոյեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Եղիցի լույս» մրցանակի արժանացած կինոգետ, արվեստաբան, ՀԽՍՀ արտիստ Արմեն Մեդվեդևին` գլխավորությամբ ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով հյուրերին, իր գնահատանքը բերեց պարոն Խաչատրյանին հանդիպման նախաձեռնության առիթով: Նորին Սրբությունը կարևորեց արվեստի գործիչների նախանձախնդիր աշխատանքը, որով նպաստում են ներկա և գալիք սերունդների կրթությանն ու դաստիարակությանը` քարոզելով սեր և համամարդկային արժեքներ:
Իր հերթին Արմեն Մեդվեդևն ուրախությամբ նշեց, որ Վեհափառ Հայրապետի հետ հանդիպումը հնարավորություն է բարձր պարգևի արժանացնելու համար երախտիքի ու խոնարհման խոսքեր հնչեցնելու, ինչի հնարավորությունը չի ունեցել «Եղիցի լույս» մրցանակը ստանալիս:
Հանդիպմանը պարոն Մեդվեդևը խոսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ստացած իր անմոռանալի տպավորությունների մասին` նշելով, որ իր համար Մայր Աթոռը հայ ազգի միասնության խորհրդանիշն է:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, մուլտիպլիկատոր, նկարիչ, ռեժիսոր Գարի Բարդին, կինոռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյանը: