Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» կազմակերպության ներկայացուցիչներին
Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի։
Հյուրերն իրենց երախտագիտությունը հայտնեցին Նորին Սրբությանը՝ ընդգծելով, որ եզակի հնարավորություն է ընձեռվել այցելելու առաջին քրիստոնյա երկիր։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց արցախյան 44-օրյա պատերազմի ծանր հետևանքերին և օրերս Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին: Մասնավորապես խոսվեց մարդկային և տարածքային կորուստների, զինվորականների և խաղաղ բնակիչների հանդեպ կիրառված խոշտանգումների, առ այսօր Ադրբեջանում պահվող ռազմագերիների և իրենց բնակավայրերից տեղհանված ընտանիքների մասին։ Վեհափառ Հայրապետը ներկայացրեց նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող խնդիրները, ադրբեջանական կողմից տարբեր պատմական սրբավայրերի և հուշարձանների յուրացման և ոչնչացման փաստագրված քայլերը։
Պատվիրակությունը «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» կազմակերպության անդամ եկեղեցիների անունից իր զորակցությունը հայտնեց Հայոց Եկեղեցուն՝ կիսելով մտահոգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների կապակցությամբ։
Ստեղծված բարդ իրավիճակում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց միջազգային հանրության համարժեք արձագանքը և ազդու քայլերը՝ ի պատասխան Ադրբեջանի հերթական ագրեսիայի և նկրտումների։ Վեհափառ Հայրապետը վերահաստատեց, որ արժանապատիվ խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով ու պարտադրանքներով։
Զրույցի ընթացքում կարևորվեց առկա մարտահրավերների պայմաններում համատեղ ջանքերի գործադրումը՝ ի նպաստ խաղաղության և տարածաշրջանում կայունության հաստատման։