Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցող հյուրերին
Մայիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությանը մասնակից հյուրերին, որոնց թվում` 2016 թ. մրցանակակիր Մարգարիտ Բարանկիցեին և 2017 թ. մրցանակի հավակնորդ, վիրաբույժ Թոմ Քատինային` ուղեկցությամբ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանի:
Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության նկատմամբ Նորին Սրբության կողմից ցուցաբերվող մշտական ուշադրության համար` պրն. Ռուբեն Վարդանյանն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին դարերի ընթացքում հայ ժողովրդին ավանդել է բարձր արժեքներ, դիմացինին օգնելու ուժ և հավատ, առանց որոնց ոչինչ հնարավոր չէ կյանքի կոչել: «Այսօր, երբ աշխարհում կարծես աճել է անտարբերությունը, հուսով ենք, որ մեր շարժումը մարդկանց` ինչ-որ բան փոխելու ուժ և վստահություն կհաղորդի», - նշեց նա:
Իր հերթին 2016 թ. մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, ներկայացնելով իր ապրումները, ասաց, որ անցած տարվանից` «Ավրորա» մրցանակաբաշխությունից ի վեր հասկացել է, որ սերը կարող է հաղթանակել ամենուրեք: «Այս մրցանակաբաշխության արդյունքում հայ ժողովրդի սերը տարածվեց` օգնություն հասցնելով Բրազիլիայի, Կոնգոյի, Բուրունդիի և Եթովպիայի երեխաներին: Հայ ժողովուրդն էլ դժվարին պահեր է ունեցել, բայց այսօր կանգուն է շնորհիվ իր նվիրյալ զավակների: Մենք խոստանում ենք անցնել նրանց ճանապարհով և շնորհակալ ենք` մեզ այդ հնարավորությունն ընձեռելու համար»,- նշեց տիկ. Բարանկիցեն:
Ներկաներին իր օրհնությունը բերեց նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց մարդասիրական նախաձեռնության կազմակերպիչներին` հաստատելով, որ մրցանակաբաշխությունը, բացահայտելով, քաջալերելով նվիրյալ անձանց, նաև մարդասիրության յուրատեսակ քարոզչություն է` հետևելու նրանց օրինակին, ովքեր իրենց կյանքը նվիրել են կարիքի ու տառապանքի մեջ գտնվող մարդկանց աջակցելուն, նրանց կյանքի մեջ հույս և լույս բերելուն:
Նորին Սրբությունն ընդգծեց նաև, որ այս նախաձեռնությունը հայ ժողովրդի երախտագիտության զգացումի արտահայտումն է աշխարհին, այն բոլոր բարեսեր անձանց, ովքեր հայոց կյանքի ողբերգական պահին հայ ժողովրդի կողքին են եղել, աջակցել ու փրկել նրա զավակներին: «Լինելով ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ` մենք կարևորում ենք այս մրցանակաբաշխության հաստատումը` այսօր սրտակից լինելու այն ազգերին ու ժողովուրդներին, ովքեր ցավի ու տառապանքի կրողներ են: Շնորհիվ իր սիրո և հավատքի` մեր ժողովուրդը կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները և վերագտնել իր կյանքը: Եվ մեր պատմությունը կարող է հույսի աղբյուր լինել բոլոր այն ազգերի համար, ովքեր տառապանքի, մահվան ճանապարհն են անցնում այսօր», - ընդգծեց Հայոց Հայրապետը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր օրհնությունը բերեց և շնորհակալություն հայտնեց տիկ. Մարգարիտ Բարանկիցեին և պրն. Թոմ Քատինային`նրանց մարդասիրական գործունեության համար` նշելով, որ դիմացինին օգտակար լինելու ծառայության մեջ մեծ երանություն ու երջանկություն կա: «Դուք Աստծու ձեռքերն եք, որ բարիք եք գործում` կյանքի կոչելով տերունապարգև պատգամներն ու պատվիրանները: Ձեզ նման մարդասեր անձանց նվիրյալ, անձնազոհ ծառայության շնորհիվ է, որ պիտի փոխվի աշխարհը, սերն ու բարությունն առատանա մարդկային կյանքում, և այն զերծ մնա տառապանքից ու ողբերգություններից, որոնց այսօր էլ ականատես ենք», - ասաց Գարեգին Բ Կաթողիկոսը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Աստված օրհնի, զորացնի նրանց իրենց աստվածահաճո առաքելության մեջ և նման մարդասեր նվիրյալներով համալրի նրանց շարքերը:
Պատվիրակությունը Մայր Տաճարում մասնակցեց նաև Տեր Հիսուս Քրիստոսի համբարձման տոնի առիթով մատուցված Ս. Պատարագին: