Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Ռուս-հայկական ռազմավարական գործակցությունը կրթության, գիտության և նորարարությունների ոլորտում» կոնֆերանսի մասնակիցներին
Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց օրերս տեղի ունեցած «Ռուս-հայկական ռազմավարական գործակցությունը կրթության, գիտության և նորարարությունների ոլորտում» գիտա-գործնական կոնֆերանսի մասնակիցներին՝ առաջնորդությամբ Հայաստանում Ռուսաստանի տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանի և ՌԳԱ Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի ռեկտոր Դենիս Ֆոմին-Նիլովի։
Հանդիպմանը պրն․ Շահգելդյանը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ընդունելության համար՝ տեղեկացնելով գիտաժողովի բարեհաջող անցկացման և ՀՀ ու ՌԴ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև կրթության, գիտության և նորարարությունների ոլորտում նախանշվող նոր համագործակցության մասին:
Այնուհետև կրթության և գիտության մշակներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ողջունելով երկու երկրների հարաբերությունների առավել սերտացմանը միտված այս գործակցությունը։ Նորին Սրբությունը բարձր գնահատեց ընդհանուր արժեքային հենքի վրա հաստատված փոխգործակցային հարաբերությունները, որ գիտա-կրթական հաստատությունների պատասխանատուներն ամբարած գիտելիքի և փորձի փոխանակման ճանապարհով ջանում են ծառայեցնել երիտասարդության կրթությանն ու դաստիարակությանը:
Հայրապետը մեծապես կարևորեց մերօրյա աշխարհի պայմաններում կրթության և գիտության ոլորտում նորարարական գաղափարների և տեխնոլոգիաների կիրառումը և երիտասարդներին՝ դրանց հաղորդ դարձնելը։
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության և Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ, անդրադարձ կատարվեց տարաշրջանում տեղ գտնող զարգացումներին, ինչպես նաև արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերներին։