Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն
Դեկտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով մանուկներին փոխանցելու իր օրհնությունն ու շնորհավորանքները: Կենտրոնում խնամվող երեխաները Վեհափառ Հայրապետի հետ արտասանեցին Տերունական աղոթքը, կատարեցին նաև հայրապետական մաղթերգը: Հայոց Հովվապետը երեխաներին բաժանեց նվերներ, հետաքրքվեց նրանց առօրյայով, զրուցեց մանուկների նախասիրությունների շուրջ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կարևորելով կենտրոնի առաքելությունը, իր գնահատանքը բերեց Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանին և կենտրոնի աշխատակիցներին ցուցաբերած պատասխանատվության և հոգածության համար` հորդորելով առավել ջանասիրությամբ շարունակել կրթել ու դաստիարակել երեխաներին, նրանց հոգիները լցնել ուրախությամբ, ջերմությամբ և սիրով, որպեսզի դառնան ազգի արժանավոր զավակներ: