Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն
Սեպտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տիկին Աննա Հակոբյանի հետ այցելեց ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։
Վեհափառ Հայրապետին մուտքի առջև դիմավորեցին կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար բ.գ.դ. Սամվել Դանիելյանը, «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի խորհրդում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, կենտրոնի բժշկական ղեկավար կազմը և այցելու հովիվ Արժանապատիվ Տ. Առնակ քահանա Հարությունյանը։
Նորին Սրբությունը և ՀՀ վարչապետի տիկինն այցելեցին կենտրոնի մանկական բաժանմունքում բուժում ստացող տասնվեց մանուկներին և պատանիներին: Իր օրհնությունը և շուտափույթ ապաքինման բարեմաղթանքները փոխանցելով երեխաներին` Վեհափառ Հայրապետը նրանց ընծայեց մանկական Աստվածաշնչեր և մանրանկարներով զարդարված խաչեր: Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի կողմից այցի առիթով նրանց ընտանիքներին կցուցաբերվի նաև նյութական աջակցություն։
Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը և տիկին Աննա Հակոբյանը զրույց ունեցան կենտրոնի պատասխանատուների և բժիշկների հետ։ Կենտրոնի տնօրինությունը տեղեկություններ փոխանցեց կենտրոնի գործունեության, առկա մարտահրավերների և ապագա ծրագրերի վերաբերյալ:
Վեհափառ Հայրապետը բարձրորեն գնահատեց կենտրոնի բժշկական անձնակազմի դժվարին ծառայությունը։ Նորին Սրբությունը կարևորեց նաև մանկական քաղցկեղային հիվանդությունների բուժմանն ու կանխարգելմանը նպաստելուն կոչված նախաձեռնությունները` վստահեցնելով, որ Հայոց Եկեղեցին պիտի շարունակի պարբերաբար աջակցել և զորակցել նման ծրագրերին` օգնելու երեխաներին վերադարձնել իրենց ժպիտն ու հոգու ուրախությունը և ապահովելու նրանց համար անվրդով և երջանիկ մանկություն: