Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Մոսկվայի Սբ. Հարություն եւ Սբ. Խաչ եկեղեցիները

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Մոսկվայի Սբ. Հարություն եւ Սբ. Խաչ եկեղեցիները 06.03.2004

Մարտի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի, թեմի եկեղեցականների եւ Ռուսաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան տիար Արմեն Սմբատյանի ուղեկցությամբ այցելեց Մոսկվայի Ս. Հարություն հայկական եկեղեցին:

Վեհափառ Հայրապետը փառք եւ գոհություն վերառաքեց Երկնավոր Տիրոջը հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, երկու երկրների խաղաղ եւ ապահով առաջընթացի, երկու եկեղեցիների պայծառության համար:

Աղոթքից հետո Նորին Սրբությունն իր գնահատանքի խոսքն ուղղեց թեմակալ առաջնորդին, թեմի սպասավորներին եւ ներկա բազում հայորդիներին, այն նախանձախնդրության համար, որ դրսեւորում են հայապահպանության, հայոց հավատի եւ ազգային կյանքի զորացման սրբազան առաքելության իրագործման գործում: «Ձեր քայլերը ուղղեք դեպի այս եկեղեցին, որ դարեր շարունակ իր կամարների ներքո համախմբել է մեր ժողովրդի զավակներին, նրանց կրթել եւ սնել ազգային եւ հոգեւոր արժեքներով: Այստեղ նրանք զորացել են, այստեղ նրանք ճանաչել են իրենց ինքնությունը, ճանաչել Աստծուն եւ Աստծո հետ իրենց ուխտը կնքել»,- հորդորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մաղթելով Ռուսաստանի օրհնյալ հողում բնակվող հայորդիներին անհողդողդ մնալ եկեղեցասիրության եւ հայրենանվիրումի մեջ: Վեհափառ Հայրապետը պատգամեց նրանց շարունակել իրենց ընթացքը Աստծո պատվիրանների մեջ, որպեսզի իրենց կյանքը շարունակի լինել հավատքի, մեր ազգային կյանքի հաղթական ընթացք:

Նույն օրը Նորին Սրբությունն այցելեց նաեւ Մոսկվայում կառուցվող Ս. Խաչ եկեղեցի, ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին: