Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Մայր Աթոռի կառույցներում ապաստանած արցախցի ընտանիքներին
Նոյեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Էջմիածին քաղաքում այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում ապաստան ստացած արցախցի ընտանիքներին։ Արցախից տեղահանված ընտանիքների Հայոց Եկեղեցին կացարան և ամբողջական խնամատարում է ապահովել նաև Ծաղկաձորում, Սաղմոսավանքում և Եղեգնաձորում գտնող թեմական այլ կառույցներում։
Արցախցիների հետ հանդիպումը սկսվեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ․ Մարկոս քահանա Մանգասարյանի խոսքով, ապա հայորդիներին իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձավ արցախցիների ոգու անպարտելիությանն ու քաջությանը՝ հակառակ այս պատերազմական օրերին կրած զրկանքների, տառապանքի ու ցավի։ Հայոց Հայրապետը կարևոր նկատեց, որ արցախահայությունը ուժ գտնի իր մեջ և առ Աստված ապավինությամբ վերադառնա վերականգնելու Արցախը, իր աշխատանքով վերստին շենացնելու այն և նոր փառավոր էջեր արձանագրելու Արցախի պատմության մեջ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց՝ հայ ժողովուրդը չգիտի վհատվել, դժվարությունների առջև ծնկել․ դա մեր քրիստոնեական հավատքից, առ մեր Տերն ունեցած վստահությունից է բխում, և Տերը պիտի իր օրհնությունը հովանի դարձնի Հայաստանի և Արցախի վրա, որպեսզի դուրս գանք ստեղծված այս ծանր ու դժվարին իրավիճակից։
Նորին Սրբությունը շեշտեց, որ իբրև ժողովուրդ Աստծուց շնորհ ունենք ցավն ու տառապանքը ուժի վերածելու և այդ ուժով արարելու, վերաշինելու մեր կյանքը, արթուն պահելու մեր մեջ հայրենիքի շենության ու զորացման, մեր սերունդների ապագայի կերտման, մեր ժողովրդի հարատևության հետ առնչված տեսիլքները։
Վեհափառ Հայրապետը պատգամեց արցախցիներին ամուր պահել իրենց ոգին, զորավոր՝ հավատքը՝ հավաստիացնելով, որ Հայոց Եկեղեցին և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը կարելի բոլոր միջոցներով ու հնարավորություններով զորավիգ ու օգնական է լինելու նրանց առկա մարտահրավերների հաղթահարման և Արցախի կյանքի վերաշինության գործում։ «Մենք հավատում ենք, որ պիտի կարողանանք մեր երազների հայրենիքը կերտել մեր քաջարի զավակների հավատքով ու աննկուն ոգով։ Այս ցավի, տրտմության ապրումները մենք վերածելու ենք ձեռքբերումների ու հաղթանակի ապրումների», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Հայոց Հովվապետը արցախցի ընտանիքների հետ զրուցեց նրանց սպասումներից և հետագա ծրագրերից։