Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհվեց Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի «Ոսկե մեդալ»
Հուլիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի պատվիրակությանը` գլխավորությամբ ՌԴ վաստակավոր իրավաբան, ակադեմիայի նախագահ Վալերի Նարինյանի: Այցի նպատակն էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնել Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի նախագահության որոշմամբ Վեհափառ Հայրապետին շնորհված «Ոսկե մեդալը»:
«Ձերդ Սրբություն, դուք քրիստոնեական շարժման ականավոր գործիչ եք: Մենք բարձր ենք գնահատում Ձեր ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում: Դա վկայությունն է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների եղբայրության` հիմնված միևնույն քրիստոնեական արժեքների վրա», - նշեց ակադեմիայի նախագահը` Նորին Սրբությանը փոխանցելով ակադեմիայի պարգևը:
Շնորհակալություն հայտնելով ակադեմիայի շնորհած պարգևի համար` Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց պատվիրակության անդամներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր գնահատեց կազմակերպության գործունեությունը` ուղղված հոգևոր-մարդասիրական արժեքների տարածմանը: Հայոց Հայրապետը մասնավոր անդրադարձ կատարեց նաև ակադեմիայի կողմից Հայոց Ցեղասպանության վերաբերյալ լույս ընծայած աշխատություններին` ընդգծելով նման հրատարակությունների կարևորությունը նման հանցագործությունների կանխարգելման գործում:
Գարեգին Բ Կաթողիկոսը մաղթեց ակադեմիայի նախագահ Վալերի Նարինյանին և ակադեմիայի անդամներին Աստծո առաջնորդությունը իրենց բարի և օգտաշատ նախաձեռնություններում և արգասավոր գործունեություն:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։