Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սկսվեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի 300-ամյակին նվիրված գիտաժողովը
Սեպտեմբերի 15-ին Մոսկվայում, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանի հանդիսությունների դահլիճում, իր աշխատանքը սկսեց «Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի 300-ամյակ. պատմություն և ներկա» միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են շուրջ 60 հայագետներ, պատմաբաններ, աստվածաբաններ, արվեստագետներ և մշակութաբաններ Հայաստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից:
Գիտաժողովը բացվեց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի բացման խոսքով: Անդրադառնալով թեմի հիմնադրման պատմական հոբելյանի առիթով կոնֆերանսի կազմակերպմանը` Սրբազանն ընդգծեց, որ այն, ամենքին մեկտեղելով հանուն նախնյաց սրբազան ժառանգության պահպանության, շարունակությունն է անանց արժեքների վերածննդի և այդպիսով նպաստում է հոգևոր, մշակութային և գիտական փոխհարստացմանը, հայ և ռուս հավատակից ժողովուրդների եղբայրական կապերի ամրապնդմանը:
Այնուհետև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը գիտաժողովի կազմակերպիչներին ու մասնակիցներին բերեց հայրապետական իր օրհնությունը և պատգամը:
«Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ մեր ժողովրդի կյանքում անգնահատելի դերակատարություն ունեցած Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի պատմական այս թեմը թևակոխում է իր հոբելյանական 3-րդ հարյուրամյակը: Ստեղծվելով մեր Եկեղեցու և ժողովրդի համար պատմականորեն ու քաղաքականապես բարդ ու դժվարին պայմաններում, Տիրախնամ թեմը հարաճուն մասնակցություն է ունեցել Հայ Եկեղեցու առաքելությանը՝ հոգևոր խնամքի ներքո համախմբելով ու պահպանելով ռուսաստանաբնակ մեր ժողովրդին: Թեմի գործունեությունը բազմարդյուն է եղել մեր ագային-եկեղեցական, գիտական, գրական ու մշակութային կյանքում: Մեր ժողովրդի հավատավոր և ազգասեր զավակների ջանքերով այստեղ կառուցվել են հայկական եկեղեցիներ, ստեղծվել մեր ազգային դպրության ու լուսավորության, գիտության ու մշակույթի նշանավոր կենտրոններ ու հաստատություններ, որոնք վառ են պահել հավատքը մեր ժողովրդի, սերը առ հայրենին ու ազգս հայոց և տեսլականը հայրենի պետականության վերակերտման՝ աջակցության հույսեր կապելով նաև Ռուսաց բարեպաշտ պետության հետ: Ռուսիո օրհնյալ տերության հովանու ներքո ապրող մեր ժողովրդի զավակները, հասնելով մեծ հաջողությունների, նաև իրենց բարի ավանդն են բերել երկրի պետական, հասարակական ու տնտեսական կյանքին, ռազմական փառքին, գիտությանը ու մշակույթի զարգացմանն ու առաջընթացին՝ զորացնելով եղբայրական սերը հավատակից հայ և ռուս ժողովուրդների», - նշեց Ամենայն Հայոց Հայրապետը:
Նորին Սրբությունն ուրախությամբ արձանագրեց այսօր Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի եկեղեցաշեն և ազգանպաստ առաքելության զարգացումը, որ արդյունավորվում է ջանքերով հոգևոր սպասավորների ու բարեպաշտ հայորդիների` գլխավորությամբ բարեխնամ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ նորանոր ձեռքբերումներով ու հաջողություններով է պսակվում ժողովրդին հավատքի ու փրկության ճանապարհով առաջնորդելու, Մայր Եկեղեցու շուրջ համախմբված հայ հավատացյալների հոգևոր և հայեցի դաստիարակությունն ու կրթությունը կենսունակ պահելու սպասավորությունը: Իր գնահատանքը բերելով գիտաժողովի կազմակերպիչներին ու աջակիցներին` Հայոց Հայրապետն այս գիտաժողովը լավագույն առիթ նկատեց` նոր ժամանակների հրամայականներին ընդառաջ վերանայելու և վերարծարծելու թեմում Հայոց Եկեղեցու գործունեության անցյալի ձեռքբերումները և ապագային տեսլականները:
Վերջում, աղոթելով երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման և Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունների ու գործակցության արգասավորման համար` Նորին Սրբությունը մաղթեց, որ Աստված Իր Սուրբ Աջով օրհնի Հայոց թեմի եկեղեցանվեր, հայրենաշեն ու ազգանպաստ բոլոր բարի ջանքերն ու իրագործումները:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիար Վարդան Տողանյանը:
Գիտաժողովին զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
Երկօրյա գիտաժողովը կազմակերպվել է թեմի Հայագիտական կենտրոնի կողմից` համագործակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Հայաստանի Ազգային արխիվի, ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան և Մոսկվայի մարզի գլխավոր արխիվային վարչության: