Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կսահմանվի իրավաբանների օրհնության օր
Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությանը։ Ամենայն Հայոց Հայրապետին այցելելու նպատակն էր իրավաբանների օրհնության օրվա սահմանման խնդրանքը։
ՀՀ գլխավոր դատախազը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և ՀՀ փաստաբանների պալատի նախագահը, կարևորելով Հայոց Եկեղեցու դերակատարությունը մեր ժողովրդի պատմության մեջ և յուրաքանչյուր անհատի կյանքում, ընդգծեցին անհրաժեշտությունը նման օրհնության օրվա հաստատման նաև իրավաբանների համար, ինչը մեծապես պիտի նպաստի մասնագիտական պարտքի կատարմանը։ Նշվեց, որ Եկեղեցին այն վայրն է, որի հովանու ներքո բոլորը համախմբվում են, ուստի իրավաբաններին համախմբող նման օրվա առկայությունը կարող է դառնալ գեղեցիկ առիթ մասնագիտական համերաշխության, տարբեր միջոցառումների միջոցով արդարադատության մեջ իրավունքի և բարոյականության շուրջ անդրադարձումների։
Այնուհետև ներկաներին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը և բարձրորեն գնահատեց նախաձեռնությունը։ Նորին Սրբությունը հաստատեց, որ նման օրերի սահմանումը Եկեղեցու կողմից առաջնորդում է տարբեր ոլորտների մասնագետներին ազգին և հայրենիքին մատուցվող իրենց ծառայության շուրջ մտորումների, անցած ճանապարհի և որդեգրված սկզբունքների վերարժևորման, քանզի պատասխանատվություն են կրում ոչ միայն հանրության, այլև առաջին հերթին Աստծո առջև։
Խոսելով արդարադատության մասին՝ Հայոց Հայրապետն ընդգծեց, որ այն տերունապատվեր առաքելություն է, որ կարևոր պատգամ և խորհուրդ ունի, անդրադարձավ նաև իրավունքի և արդարության սուրբգրային ակունքներին և բարոյական ընկալմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր մտածումները փոխանցեց հանրության կյանքում ներկաների կարևոր առաքելության շուրջ՝ հաստատելով, որ ծառայության մեջ պետք է առաջնորդվել օրենքի արդարամիտ կիրառմամբ, բայց և Ս․ Գրքի ուսուցանած մարդասիրության և գթության ընկալումով՝ չխեղելու մարդկային կյանքեր, այլ մեղավորին դարձի բերելու, կանգնեցնելու ուղիղ ճանապարհի վրա և հաստատելու աստվածապարգև բարի կոչման մեջ։
Վեհափառ Հայրապետը պատգամեց լինել Աստծո կամքի հետևորդներ ու իրագործողներ և իրենց աշխատանքի արդյունքը դիտարկել բարու հաստատումը։