Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԵՐԵՎԱՆ-ՍՈՉԻ ՈՒՂԵՐԹԻ ԻՆՔՆԱԹԻՌԻ ԱՂԵՏԻՑ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԵՐԵՎԱՆ-ՍՈՉԻ ՈՒՂԵՐԹԻ ԻՆՔՆԱԹԻՌԻ ԱՂԵՏԻՑ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ 11.05.2006

(Երեւան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, 6 մայիսի, 2006 թ.)

Մեծարգո Նախագահ,

Հարգարժան պետական այրեր,

Մեծահարգ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ,

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ.

Այս սուրբ Տաճարում մենք այսօր հավաքվել ենք միասնաբար աղոթելու երեք օր առաջ ինքնաթիռի կործանման պատճառով զոհվածների հոգիների հանգստության համար: Աղետալի դիպվածով նրանք` անձնակազմի անդամներն ու ուղեւորները` 113 տղամարդիկ, կանայք ու երեխաներ, հեռացան կյանքից: Սգակիր են այսօր նրանց հարազատները, սգում է համայն հայությունը աշխարհի բոլոր կողմերում: Այս պահին աղոթակից են մեզ մեր Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալները` Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանը, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանը, թեմակալ Առաջնորդներն ու դասը եկեղեցականաց, որոնց սրտակցությունն ու զորակցությունն ենք նաեւ փոխանցում սգակիր ընտանիքներին ու մեր ժողովրդին: Մեր մեծ վիշտը կիսում են միլիոնավոր մարդիկ, բազմաթիվ ժողովուրդներ, եկեղեցական, պետական գործիչներ` մեզ հետ աղոթք բարձրացնելով երկինք, որ Բարձրյալն Աստված լույսերի ու երանական խաղաղության մեջ ընդունի զոհվածների հոգիները եւ սփոփանք ու մխիթարություն պարգեւի նրանց ընտանիքներին ու հարազատներին:

Սիրելիներ, այս կյանքի մաս են փորձանքները, հոգսերը, վիշտը, ինչպես եւ մահը: Մահը սակայն կյանքի վախճանը չէ: Մահն այս կյանքում է` ժամանակավոր ու անցավոր: Աղետից զոհվածները հեռացան մեզանից, բայց կյանքը չհեռացավ նրանցից: Նրանք գնացին միանալու մեր Արարչին, Ամենակարող Աստծուն, ով մեր նկատմամբ անբավ Իր սիրով պարգեւել է մեզ հավիտենական կյանքը` մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով:

Միշտ դժվար է հարազատից բաժանումը, մեծ է հարազատի կորստի ցավը: Մենք չգիտենք, թե ինչպես կամոքի Աստված վշտերն ու մորմոքը, ինչ

սփոփանք կպարգեւի, բայց թող անհատնում եւ անխախտ լինի մեր հույսը Աստծո ողորմության վրա: Աստված է, որ զորացնում է մեզ, երբ մենք վշտահար ենք եւ տկար հոգով: Աստծո մոտ է ամեն մխիթարություն: Աստված մխիթարում է մեզ մեր նեղությունների մեջ, որպեսզի մենք էլ, ինչպես ասում է առաքյալը, կարող լինենք մխիթարել նրանց, ովքեր նեղությունների մեջ են (Բ Կորնթ. Ա : 3-4):

Մխիթարություն է, որ մենք միայնակ չենք մեր վշտի մեջ: Մխիթարություն է, որ մարդիկ սատարում եւ օգնում են միմյանց աղետների, փորձանքների, ցավերի մեջ: Մեր օրհնությունն ենք բերում հավատավոր մեր ժողովրդի զավակներին, հայրենի մեր իշխանություններին` գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Ռոբերտ Քոչարյանի` վշտացյալ սրտով սգակիր ընտանիքներին սատարելու եւ զորակցելու համար: Այսօր հանուն մեր ժողովրդի շնորհակալության Մեր խոսքն ենք ուղղում Քույր Եկեղեցիների մեր հոգեւոր եղբայրներին, մեզ վշտակից երկրների պետական այրերին, մտավորականությանը, հասարակական-քաղաքական գործիչներին, Հայաստանում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին, բազմահազար անհատներին, ովքեր մխիթարություն հավելեցին եւ ցավակից եղան սգացյալ մեր ժողովրդին: Շնորհակալության Մեր խոսքն ենք բերում Մոսկվայի եւ համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Ալեքսի Բ-ին, ՌԴ Նախագահ Տիար Վլադիմիր Պուտինին, պետական այրերին ու ողջ ժողովրդին` օգնության ամեն միջոց ու ջանք` ինչ հնարավոր էր օդանավի նման աղետի իրավիճակում, գործադրելու եւ Դաշնությունում սգո օր հռչակելու համար:

Ի խորոց սրտի աղոթքով հայցում ենք, որ Տերը արարչական իր սիրով ու գթությամբ ընդունի հոգիները աղետի 113 զոհերի եւ արժանացնի Աստվածային Իր լույս տեսությանը, եւ Սուրբ Հոգու շնորհով սփոփանք ու մխիթարություն պարգեւի նրանց սգակիր ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին: Զորացեք հավատով, սիրելիներ: Կյանքի վախճանը մահը չէ: Նրանց կյանքը պիտի շարունակվի, նրանց հիշատակը անմար պիտի լինի Ձեր Աստվածասեր ընթացքով եւ արդար գործերով:

Աղոթենք, որ Ամենօրհնյալ Աստված խաղաղ, ապահով ու անփորձանք պահպանի աշխարհը համայն եւ ժողովուրդներին բոլոր եւ սիրո ու հանապազ օրհնության ներքո` ազգս հայոց:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի. ամէն: