Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնության խոսք հղեց հայագիտական միջազգային գիտաժողովին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնության խոսք հղեց հայագիտական միջազգային գիտաժողովին 28.06.2018

Հունիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի ծննդյան 100-րդ տարեդարձի առիթով կազմակերպված հայագիտական միջազգային գիտաժողովի մասնակիցներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքը, որում ասվում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում ենք Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հիմնադիր տնօրեն ակադեմիկոս, բարեհիշատակ Լևոն Խաչիկյանի ծննդյան 100-րդ տարեդարձի առիթով Հայագիտական միջազգային գիտաժողովի կազմակերպումը՝ նվիրված միջնադարյան Հայաստանի պատմությանն ու մշակույթին, հայկական ձեռագրական ժառանգությանը:

Մեր երկրի ու ժողովրդի կյանքում արդյունաշատ վաստակ ունի անվանի հայագետ, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանը: Որպես Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հիմնադիր տնօրեն, նա իր ողջ կյանքը նվիրեց Մատենադարանի արդյունավոր գործունեությանը, որտեղ խորհրդային տարիներին տեղափոխվեցին մեր վանքերի լուսավոր հարկերի ներքո դարեր ի վեր ստեղծված ու խնամքով պահպանված ձեռագիր մատյանները: Վաստակաշատ ակադեմիկոսի ղեկավարության ներքո Մատենադարանը կարճ ժամանակում դարձավ գիտական հզոր կենտրոն, որ մեծ ճանաչում ձեռք բերեց նաև Հայաստանից դուրս: Մատենադարանի հարկի ներքո համախմբվեցին գիտության բազում նվիրյալներ, ովքեր իրենց անդուլ, քրտնաջան աշխատանքով նոր զարգացում պարգևեցին հայագիտությանը՝ իր բոլոր ճյուղերով ու ոլորտներով:

Պահպանվող հոգևոր գանձերով Մատենադարանը եղել և շարունակում է հարազատորեն կապված մնալ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն, և այսօր առանձնակի գնահատանքով ենք անդրադառնում, որ տակավին Լևոն Խաչիկյանի ղեկավարության տարիներից ձևավորվել է սերտ համագործակցություն Մատենադարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև՝ ի նպաստ հայ գիտության զարգացման:

Մեծ ու գնահատարժան է նաև Լևոն Խաչիկյանի գիտական ժառանգությունը։ Մայր Հայրենիքում ու նրա սահմաններից հեռու լայնորեն ծանոթ են նրա գրքերն ու ուսումնասիրությունները, որոնք լույս են սփռում մեր ժողովրդի պատմության էջերին: Նա կարևոր մասնակցություն բերեց Հայկական հանրագիտարանի և «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի կազմման, մեծաթիվ մատենաշարերի խմբագրման ու հրատարակության գործում: Նրա վաստակը արժանապես գնահատված է գիտական ամենաբարձր կոչումներով ու պարգևներով:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում գիտաժողովի կազմակերպիչներին ու բոլոր մասնակիցներին՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ՝ ի նպաստ հայ գիտական մտքի զարգացման ու առաջընթացի:

Բարի ընթացք ու հաջողություններ գիտաժողովի աշխատանքներին»: