Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Վատիկան Հռոմի Հովհաննես Պողոս Բ Պապի վախճանման առիթով
Ապրիլի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Սրբազան Քահանայապետ Հովհաննես Պողոս Բ Պապի մահվան առիթով հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ համայն բարեպաշտ հոտի ցավակցական գիր է հղել Վատիկան եւ իր սրտակցությունը հայտնել Կաթոլիկ Եկեղեցու սգակիր ողջ հոգեւոր դասին ու հավատացյալներին:
Ամենայն Հայոց Հայրապետի գրության մեջ մասնավորապես ասվում է. «Մենք ջերմությամբ ենք հիշում մեր հանդիպումը Նորին Սրբության հետ Վատիկանում, ինչպես նաեւ նրա պատմական այցը Հայաստան 2001թվականին: ...Հիվանդության վերջին տարիներին մենք ականատես եղանք ի Քրիստոս մեր հոգեւոր եղբոր կողմից ցուցաբերած ոգու ամրության եւ քաջության, որպես լավագույն օրինակ հավատի, Աստծո նախախնամող կամքի հանդեպ հույսի եւ ապավինության: 26-ամյա գահակալության ընթացքում Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Բ Պապը եղավ կյանքի նախանձախնդիր պաշտպան եւ առաջամարտիկ արդարության: Նորին Սրբության կոչերը ազգերի միջեւ խաղաղության եւ հաշտության հաստատման մշտապես ամրորեն խարսխված են եղել նրա բարոյական համոզումների եւ մարդկության հանդեպ սիրո վրա: Վերջին տարիներին նրա ջանքերի եւ մեր երջանկահիշատակ նախորդների գործունեության շնորհիվ եղբայրական սերը եւ համագործակցության ոգին մեր երկու Եկեղեցիների միջեւ մեծապես ամրապնդվել են»:
Հովհաննես Պողոս Բ Պապը Հռոմի առաջին քահանայապետն էր, որ հրավերով Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական այցով եկավ Հայաստան: Նա նաեւ Կաթոլիկ Եկեղեցու առաջին հովվապետն էր, որ ի խնդիր մարդկային կյանքում արդարության հաստատման ճանաչել էր 1915թ. Հայոց Ցեղասպանությունը եւ դատապարտել այդ ահավոր ոճրագործությունը:
Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հավարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան մասնավոր արարողություն երջանկահիշատակ Հովհաննես Պողոս Բ Պապի հոգու հանգստության համար: «Սբ. Էջմիածնի Մայր տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջեւ, սրտակից մեր կաթոլիկ եղբայրներին ու քույրերին իրենց վշտի մեջ, մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված` Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու Հովվապետ, Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Բ Պապի հոգու հանգստության համար: Նորին Սրբության մահը մեծ կորուստ էր ողջ քրիստոնեական աշխարհի համար: Նա եղավ անդուլ քարոզիչ խաղաղության եւ պաշտպան քրիստոնեական արժեքների: Նշանակալի էին Հովհաննես Պողոս Բ Պապի հարատեւ ճամփորդությունները` նպատակաուղղված ազգերի, պետությունների եւ կրոնների համերաշխության, համագործակցության եւ փոխհասկացողության ոգու ձեւավորմանն ու ամրապնդմանը: ...Թող Բարձրյալ Տերը մխիթարություն պարգեւի նրա բարեպաշտ եւ հավատավոր հոտին»,- մասնավորաբար ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգեհանգստյան արարողությունից առաջ հավատացյալներին ուղղված իր խոսքում: