Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՌԴ նախագահին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՌԴ նախագահին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին 03.04.2017

Ապրիլի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ցավակցական գիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, հոգևոր դասի և հայ ժողովրդի անունից վշտակցություն է հայտնել ՌԴ նախագահին, Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետին, պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և Ռուսաստանի ողջ ժողովրդին:

«Հայցում ենք մեր Տիրոջը երկնային օթևաններում ընդունել զոհվածների հոգիները: Թող Աստված Իր Սուրբ Հոգով մխիթարի նրանց ընտանիքներին ու բարեկամներին և շուտափույթ ապաքինում պարգևի բոլոր վիրավորներին», - նշել է Վեհափառ Հայրապետն իր ցավակցագրում` մաղթելով, որ Ամենողորմ Տերը խաղաղ և ապահով պահի Ռուսաստանը և նրա բարեպաշտ ժողովրդին: