Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետին
Մայիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին` Մանչեսթեր Արենայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը պատճառ է դարձել երկու տասնյակից ավել մարդկային զոհերի և բազում վիրավորների:
«Խստորեն դատապարտելով մարդկության դեմ գործվող ահաբեկչությունն ու բռնությունը՝ Մեր վշտակցությունն ենք փոխանցում Ձեզ, Մեծ Բրիտանիայի բարեկամ ժողովրդին, զոհերի ընտանիքներին ու հարազատներին:
Հայցում ենք, որ Բարձրյալն Աստված մխիթարություն ու սփոփանք պարգևի բոլոր սգակիրներին և շուտափույթ առողջություն շնորհի պայթյունից տուժած վիրավորներին», – նշված է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում:
Նորին Սրբությունը մաղթել է, որ Տերը զորակից և պահապան լինի Մեծ Բրիտանիայի բարեսեր ժողովրդին: