Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի պատվավոր Պապ Բենեդիկտոս XVI -ի մահվան կապակցությամբ
Դեկտեմբերի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և հավատավոր ժողովրդի ցավակցագիր է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին պատվավոր Պապ Բենեդիկտոս XVI -ի մահվան կապակցությամբ։
Ամենայն Հայոց Հայրապետը ցավակցական նամակում մասնավորաբար նշել է. «Ավելի քան յոթանասուն տարի Նորին Սրբությունը անսահման նվիրումով ու հանձնառությամբ ծառայեց Եկեղեցուն և կարևոր դեր խաղաց կաթոլիկ աստվածաբանական ավանդության զարգացման գործում: Մենք ջերմորեն ենք հիշում Նորին Սրբության հետ մեր հանդիպումները և գոհություն ենք հայտնում Աստծուն երջանկահիշատակ պապի՝ Եկեղեցուն տարիների նվիրյալ ծառայության համար։ Սրտաբուխ աղոթք առաքելով առ Տերն Իր հավատարիմ ծառայի հանգստության համար՝ խնդրում ենք բարերար Աստծուն ընդունելու նրան Իր հավիտենական երանության մեջ»: