Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Բելգիայի վարչապետին
Մարտի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին՝ Բրյուսելի Միջազգային օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ և, հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, իր զորակցությունը բերել զոհերի հարազատներին ու Բելգիայի ողջ ժողովրդին:
Ցավակցագրում մասնավորապես ասված է. «Խստորեն դատապարտում ենք Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունները, որոնք խլեցին տասնյակ անմեղ կյանքեր: Այսօրինակ հանցագործությունները, որ չեն կարող ունենալ որևէ արդարացում, ուղղված են մարդկության դեմ և մարտահրավեր են՝ նետված քաղաքակիրթ ողջ աշխարհին:
Դժվարին այս պահին, հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մեր զորակցությունն ենք հայտնում Ձեզ, Բելգիայի ողջ ժողովրդին ու զոհերի հարազատներին: Աղոթում ենք զոհերի հոգիների հանգստության համար և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին»: