Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի երիտասարդների հարցերին
ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ հովվապետական այցելության ընթացքում Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի երիտասարդների հետ: Հանդիպմանը երիտասարդները Նորին Սրբությանն ուղղեցին իրենց հուզող հարցերը:
Ստորև ներկայացնում ենք զրույցը.
Վեհափառ Հայրապետ- Տոնախմբում ենք ԱՄՆ-ում Արևմտյան թեմի հաստատումը: Իննսուն տարի առաջ մեր ժողովրդի զավակունք ջարդերից մազապուրծ՝ կայք հաստատեցին Միացյալ Նահանգներում: Նրանք այստեղ կառուցեցին եկեղեցիներ, դպրոցներ, ազգային հաստատություններ, որպեսզի իրենց զավակները մեծանան՝ պահպանելով ազգային ոգին, գիտակցությունը և այդ ավանդները փոխանցեն սերնդից սերունդ: Բնական է, որ ժամանակի մեջ պետք է ունենայինք նաև կորուստներ՝ լեզվի, մշակութի և ոգու: Բայց փառք ենք տալիս Աստծուն, որ այդուհանդերձ՝ թեմը մեծացել և զորացել է: Այս նոր իրավիճակում պետք է կարողանանք վերարթնացնել ազգային ինքնագիտակցությունը: Հայ երիտասարդները պետք է գիտակցեն, որ իրենք հայ ազգի, հայ եկեղեցու զավակներ են և անձնական ներդրում ու առաքելություն ունեն ազգային կյանքում: Եվ, որ այս երկրում հայ ազգի շարունակականությունը պայմանավորված է նաև իրենց անձնական ներդրումով: Հայերեն սովորելու նախանձախնդրությունն է պետք արթնացնել հայ երիտասարդի մեջ: Ազգային ոգու վերարթնացումը կարող ենք իրականացնել ոչ միայն այստեղ ազգային կառույցներ ձևավորելով, նաև մայր հայրենիքի հետ նրանց կապը ապահովելով: Հայաստան կատարած մեկ այցը ոգեփոխություն է առաջ բերում հայ երիտասարդի մեջ: Հայաստան գալը ներշնչման աղբյուր է, ազգային ինքնության բացահայտման բացառիկ հնարավորություն յուրաքանչյուրի համար: Դուք լիարժեքորեն մեր ազգային ժառանգության և ավանդների կրողն եք, մնացեք հաղորդ, ներգրավված եկեղեցական, ազգային կյանքին և ձեր հոգին կբացվի, ձեր գիտակցությունը կզորանա և կլինեք ազգի արժանավոր զավակներ:
- Աստված ի՞նչ կերպ գոյություն ունի, Աստծո գոյության ապացույցը ի՞նչն եք համարում:
Վեհափառ Հայրապետ- Մեր պատմությունը, մեր ժողովրդի գոյությունը, լինելությունը, մեր իրականությունը: Հակառակ բազում փորձությունների, հակառակ հայոց բազմաթիվ գողգոթաների, հակառակ մահվան վիհերի, մեր հավատքը մնացել է զորեղ, հաստատված աստվածաշնչյան խոսքի վրա՝ ,,Եթե Աստված մեզ հետ է, ոչ ոք չի կարող մեզ հաղթել,,: Քրիստոնեությունը մեր մաշկի գույնն է, Ատված մեր մեջ է, մեր կյանքում:
- Ի՞նչ է պետք ասել մեկին, որը քրիստոնյա չէ, որին ուզում ես դեպի Աստված ուղղորդել:
Վեհափառ Հայրապետ- Պետք է օգնել, որ դեպի Աստված տանող ճանապարհը գտնի: Եթե հանդիպեց Աստծո հետ և Աստծո օրհնությունը զգաց իր կյանքի մեջ, կքայլի նրա հետևից:
- Մեզ՝ հայ երիտասարդներիս, ի՞նչ կթելադրեք, ինչպե՞ս մեր հավատքը զորեղ պահենք և զորացնենք մեր եկեղեցին:
Վեհափառ Հայրապետ- Աղոթեք, կարդացեք ավետարան, հաղորդակցվեք մեր սրբություններին, մեր սրբազան ժառանգությանը, ըմպեք այդ արժեքներից և հավատքը ձեր զորեղ կլինի, դուք ձեզ երջանիկ կզգաք այդ հավատքի մեջ:
- Հայաստանում ի՞նչ դեր ունեն երիտասարդները եկեղեցու աստվածպաշտական կյանքում:
Վեհափառ Հայրապետ- Ութսուն և ավելի տարիներ մեր ազգի զավակները ազատ հաղորդակցվելու, եկեղեցու կյանքի մեջ լինելու հնարավորություն չեն ունեցել: Ուրախ ենք, որ այսօր մեր երիտասարդները նախանձախնդրությամբ ներգրավվում են և ակտիվ դերկատարություն ունեն մեր եկեղեցական կյանքում, շնորհիվ այն աշխատանքի, որ կատարվում է եկեղեցականների կողմից: Նաև համայնքներում, բուհերում ստեղծվում են երիտասարդական միություններ: Եկեղեցականները ծառայություն են մատուցում բանակում, այս ճանապարհով ևս կրթվում է գիտակցությունը հայ երիտասարդի:
- Ո՞րն է Հայաստանի ապագայի Ձեր տեսիլքը:
Վեհափառ Հայրապետ- Մեր տեսիլքը պայծառ, զորեղ, բարօր կյանքով ապրող երկիրն է և մեր երկրին ու Ժողովրդին ծառայություն բերող եկեղեցին, որպեսզի և հայրենիքը, և մեր եկեղեցին հարազատ տուն դառնան մեր զավակների համար:
- Միշտ չէ, որ եկեղեցի գնալու ժամանակ ունենում եմ և հավատս գնալով տկարանում է: Ինչպե՞ս կարելի է դա կանխել:
Վեհափառ Հայրապետ- Առաջին հերթին պետք է վճիռ կայացնես և ժամանակ տրամադրես Աստծո հետ լինելու համար: Պետք է կարողանաս քո հոգին պատրաստել, որպեսզի այնտեղ բնակվի Աստված: Եթե դրա համար ժամանակ չգտնես, քո հոգին երբեք չի դառնա Աստծո տունը: Բացիր հոգիդ Աստծու առջև և այնտեղ կբնակվի Աստված: Իսկ երբ հանդիպես Աստծուն, երջանկությամբ կլցվի քո կյանքը:
- Ի՞նչ է անում եկեղեցին, որպեսզի երիտասարդները եկեղեցու մաս դառնան:
Վեհափառ Հայրապետ- Քիչ առաջ մենք հանդիպեցինք շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների երեխաների հետ: Այդ դպրոցները ճանապարհներ են, որոնցով եկեղեցին փորձում է փոքր տարիքից երեխայի մեջ ազգային և քրիստոնեական ոգի, գիտակցություն և նկարագիր կերտել, զորացնել սերը հանդեպ եկեղեցին: Բայց ջանքերը չեն կարող ամբողջական արդյունք ունենալ առանց ընտանիքի ներգրավվածության: Երեխան, որ հասակ է առնում և ընտանիք կազմում, այն արժեքները, որ ստացել է, փոխանցում է իր զավակին: Եկեղեցի-ընտանիք փոխլրացնող աշխատանքով կարող ենք արդյունքներ ունենալ մեր զավակների քրիստոնեական դաստիարակության գործում:
-Սուրբ եկեղեցու գլխավոր առաքելությունը ո՞րն է:
Վեհափառ Հայրապետ- Հոգեփրկությունն ու ազգային ինքնության պահպանումը:
-Եթե ուզում եմ քահանա դառնալ, ի՞նչ խրատ և խորհուրդ կտաք:
Վեհափառ Հայրապետ- Ավարտել հոգևոր կրթական հաստատություն: Միայն այն ժամանակ որոշում կայացնել, եթե համոզված ես, որ քո մեջ բավարար սեր կա Աստծո և քո ժողովրդի հանդեպ:
- Այս հասարակության մեջ ինչպե՞ս կարող ենք ուղղափառ քրիստոնյայի կյանքով ապրել:
Վեհափառ Հայրապետ- Ես կարծում եմ՝ բավարար չափով միջոցներ, ձեռնարկներ հասանելի են՝ Ս. Գիրքը, մեր հայրերի սուրբ ժառանգությունը, որոնց պատվիրանների, պատգամների շրջանակում կյանքը կազմակերպելով՝ կարող եք ապրել երջանիկ, Աստծո հետ ընկերակցության մեջ: Ձեր կյանքի առանցքում պետք է լինի Աստված, որին պետք է տաք ձեր ժամանակը և ապրեք Աստծո հետ:
-Ի՞նչ դեր է վերապահված այսօր կնոջը Հայ Առաքելական Եկեղեցու մեջ, կինը կկարողանա՞ ծառայել և սպասավորել որպես սարկավագուհի: Ինչու՞ տղամարդուն ձեռնադրությամբ է դպրական աստիճան տրվում, իսկ ես, որ որպես դպրուհի երգում եմ դասում, չեմ ձեռնադրվում: Աշխարհը փոխվում է, հայ կինն ի՞նչ փոփոխություն կարող է ակնկալել մեր եկեղեցուց:
Վեհափառ Հայրապետ- Հայ կնոջ ակնկալություների մասին դուք պետք է մեզ տեղեկացնեք՝ ձեր սպասումները բարձրաձայնելով և ներկայացնելով: Հայ կնոջ դերակատարությունը և ազգային, և եկեղեցական մեր կյանքում շատ մեծ է: Քիչ առաջ խոսում էինք ազգային ինքնապահպանության մասին: Հայորդիներին այդ արժեքների փոխանցողը, ազգային ոգու կերտողը հայ կինն է: Բայց ձեր հարցի շեշտադրումը գիտենք, վերաբերում է եկեղեցում ծառայությանը, ծիսական կյանքի մեջ ներգրավվածությանը: Այսօր Մենք չենք կարող իբրև Կաթողիկոս Մեր իշխանությամբ փոփոխություն կատարել եկեղեցու կարգի մեջ: Այդ հարցը բարձրաձայնվել է մեր առաջնորդների կողմից, քննության առարկա է դարձել ԳՀԽ-ում և պետք է նաև քննարկման նյութ դառնա եպիկոպոսաց ժողովում: Այնտեղ կայացված որոշման համաձայն՝ թելադրությունը կտրվի առաջնորդներին՝ ի գործադրություն:
-Պատմության ընթացքում մեր եկեղեցին կարևոր դերակատարություն է ունեցել մեր ժողովրդի կյանքում, երբ թագավորություն չի ունեցել, կամ երբ թագավորները սխալ ուղղությամբ են ընթացել: Այսօր, երբ հայրենիքում ժողովրդավարության համար պայքար է մղվում, հաճախ ժողովուրդը եկեղեցու քայլերը չի տեսնում: Որպես հոգևոր առաջնորդ՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկի եկեղեցին:
Վեհափառ Հայրապետ- Մեր եկեղեցին ազգային մեր կյանքում իր առաքելությունն է իրականացնում: Հասարակական տարբեր խնդիրների արծարրծման, բարձրաձայնման պարագայում ևս ներկա է մեր ժողովրդի կյանքում և առաջնորդվում է ազգի, հայրենիքի, պետականության շահերի գիտակցությամբ: Եկեղեցին չի կարող գործել առանձին անհատների անձնական ակնկալությունների համաձայն: Մենք թանկ ենք վճարել մեր պետականության համար և ամեն կերպ բոլորս պետք է ջանանք այդ պետականությունը զորեղ պահել: Եթե հասարակական շարժումներն ուղղված են պետականության հիմերի ամրապնդմանը, եկեղեցին այնտեղ է և պաշտպանում է: Ես կուզեմ այստեղ մի միջադեպ հիշատակել: Ութսունական թվականների շարժումներն էին, Վազգեն վեհափառը երկրորդ անգամ հանդես եկավ ելույթով և ահազանգ հնչեցրեց շարժման ղեկավարներին, մեր ժողովրդին, որ սխալ ընթացքով եք առաջնորդվում: Եվ ասաց՝ հայրենիքը սկուտեղի վրա մատուցում եք թշնամուն: Այդ արտահայտությունը չընկալվեց ոչ շարժման ղեկավարության, ոչ ժողովրղի կողմից: Եվ հայոց հայրապետի նկարները փողոցում նետված տեսանք, մարդիկ քայլում էին դրանց վրայով և ամեն տեսակի արտահայտություններ թույլ տալիս: Երբ երեկոյան հանդիպեցինք հայոց հայրապետին, ասացինք՝ վեհափառ, ժողովուրդը այս պահին, այս զգացմունքայնության մեջ առողջ, բանական խոսք ընկալելու ունակ չէ: Վեհափառը մի պատասխան տվեց, որը հպարտությամբ լցրեց իմ հոգին: Ասաց՝ ես չեմ կարող հուզական ալիքի վրա էժան հեղինակություն վաստակել: Եթե տեսնում եմ, որ իմ ժողովուրդը գնում է դեպի գահավիժում, պատրաստ եմ ձեռքերս տարածած՝ կանգնել նրա առաջ: Եվ եթե չեմ կարող փրկել գահավիժումից, թող իմ վրայով անցնեն, տրորեն ինձ և գնան: Պատասխանատվության այս զգացումով ենք առաջնորդվում մեր կյանքում: Հնարավոր է՝ մարդիկ այդպես չգնահատեն իմ գործունեությունը: Այդ գիտակցությամբ, այդ ոգով գործել եմ և պիտի գործեմ:
– Ո՞ր պահին եք զգում, որ մոտ եք Տիրոջը:
Վեհափառ Հայրապետ- Երբ աղոթքի մեջ եմ և ծառայության: Սիրո ծառայության մեջ:
-Ձեր և մեր ժամանակի երիտասարդությունը իրարից ինչո՞վ են տարբերվում:
Վեհափառ Հայրապետ- Որտեղ ես եմ հասակ առել, Աստծո մասին խոսել չէր կարելի, հոգևոր կյանքը պարփակված էր եկեղեցու պատերի մեջ և ընտանիքների շրջանակում: Ես իմ առաջին հոգևոր ապրումներն ունեցել եմ իմ ընտանեկան հարկից ներս: Այսօր, փառք Աստծո, դուք ունեք ընտրության ազատությունը: Մենք ուրախ ենք, որ մեր երիտասարդությունը նախանձախնդրորեն ներգրավված է եկեղեցական կյանքում, և այդ շարժումը զորանում է Հայաստանի մեջ; Վստահ եմ, որ այստեղ էլ է նույնը, որովհետև ինչ առաջընթաց որ արձանագրում ենք Հայաստանում, իր արձագանքը անմիջապես գտնում է սփյուռում:
– Եիտասարդներից շատերը ասում են, որ աղոթելու համար պարտադիր չէ եկեղեցի գնալ, դա կարելի է անել ցանկացած տեղ:
Վեհափառ Հայրապետ- Աղոթել կարելի է ամեն տեղ, բայց այն շնորհները, որ բաշխվում են հավատացյալին, բաշխվում են եկեղեցում միայն:
-Ի՞նչ կասեք հրաժեշտից առաջ:
Վեհափառ Հայրապետ- Մեծապես ուրախ ենք այս հանդիպման համար, նման հանդիպումները մեզ ոգևորում, խանդավառում են, ուրախություն բերում մեր հոգուն ու սրտին: Ծառայությունը երիտասարդ սերնդին մեր նվիրական առաքելությունն է, երիտասարդությունը մեր կյանքի խանդավառությունն է և ես ուրախ եմ, որ մեր առաջնորդ սրբազանը այսպիսի շեշտադրում է կատարել իր հոգևոր ծառայության մեջ՝ անհրաժեշտ քրիստոնեական կրթություն ջամբել մեր պատանիներին և երիտասարդներին, որպեսզի զորանաք, աճեք, կրթվեք ու դաստիարակվեք մեր քրիստոնեական լույս հավատքով, ազգային արժեքներով: Որպեսզի լինեք հայրենասեր, աստվածասեր անձեր ազգի համար: Մեր աղոթքն ու բարեմաղթանքն ենք բերում ձեզ՝ պատգամելով, որ շարունակեք կրթել ձեր անձերը, որպեսզի ձեր ամբարած գիտելիքի պաշարով ձեր մեջ ամփոփած արժեհամակարգով կարողանաք փոխել մեր կյանքը և մեր աշխարհը: Աստված օրհնի ձեզ: