Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մեքսիկայի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը  շնորհավորել է Մեքսիկայի նախագահին 13.07.2018

Հուլիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել տիար Անդրես Մանուել Լոպես Օբրադորին` Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտում ընտրվելու կապակցությամբ:

Նորին Սրբության ուղերձում ասված է. «Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված զորակից լինի Ձեզ և արգասավորի Ձեր ջանքերը՝ ի նպաստ Մեքսիկայի շենության և Ձեր ժողովրդի բարօր կյանքի:

Լիահույս ենք, որ Ձեր առաջնորդությամբ առավել արդյունավետ պիտի դառնան մեր երկու երկրների բարեկամական հարաբերությունները, որոնց խորացմանն ու զարգացմանն իրենց նպաստն են բերում նաև Մեքսիկայում ապրող մեր ժողովրդի զավակները:

Մեր մաղթանքն է, որ Ամենակալ Տերն Իր Սուրբ Աջի հովանու ներքո պայծառության մեջ պահի Մեքսիկան ու օրհնի աստվածասեր Ձեր ժողովրդին»:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Օբրադորին մաղթել է հարանորոգ հաջողություններ իր բարձր ու պատասխանատու առաքելության մեջ: