Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ծննդյան 70-ամյակի առիթով
Մարտի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ծննդյան 70-ամյա հոբելյանի առիթով։
Նույն օրը Ամենայն Հայոց Հայրապետը նաև հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ և Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասնակիցների անունից շնորհավորանքներ և բարեմաղթանքներ փոխանցել նրան։
Հայոց Հովվապետը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին մաղթել է կենաց արևշատություն և արդյունազարդ գահակալություն ի պայծառություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության։