Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 90-րդ հոբելյանի առիթով
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել անվանի երաժիշտ և խմբավար Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 90-րդ հոբելյանի առիթով:
«Հայրապետական սիրով և օրհնությամբ Մեր սրտաբուխ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ ծննդյան 90-ամյա հոբելյանի նշանակալի առիթով: Հոգու ջերմ զգացումներով կիսում ենք Ձեր և երաժշտասեր Մեր զավակների ուրախությունը:
Տասնամյակներ առաջ Դուք հաստատվեցիք Մայր Հայրենիքում և անհուն նվիրումով երաժշտական Ձեր փորձառությունն ու տաղանդը ծառայեցրիք հայրենի երկրում երգարվեստի զարգացմանը` մնայուն ավանդ բերելով մեր մշակույթի առաջընթացին: Հայ մշակույթին նոր ճանաչում և բարի համբավ է հավելել Ձեր արդյունազարդ գործունեությունը, ինչպես նաև Ձեր հմուտ ու բարձրարվեստ ղեկավարությամբ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի առաքելությունը, որը դասվում է աշխարհի լավագույն երգչախմբերի շարքում: Երգչախմբի հարուստ երգացանկում Դուք մշտապես կարևորել եք հայ և համաշխարհային դասական երգարվեստի արժեքավոր ստեղծագործությունների, ինչպես նաև` հայ հոգևոր երգի ներկայացումը, որը սիրով ու հիացմունքով է ընդունվել արվեստասեր լայն շրջանակներում: Դուք առաջնորդվել եք այն վեհ գաղափարով, որ երաժշտությունը կրթում և ազնվացնում է մարդկային հոգիները, և ամեն ջանք պետք է ի գործ դնել հայկական մեր երգն ու երաժշտությունն անաղարտ պահելու համար, որպեսզի շարունակի արտահայտել իր վաղնջական բույրը, անկեղծ զգացումը, մեր ժողովրդի՝ հույսով լուսավոր հոգին և արդար ու խաղաղ կյանքի ձգտումները: Երաժշտական բացառիկ շնորհներով, որպես հմուտ ու բարձրաճաշակ խմբավար, Դուք մեծապես գնահատված ու սիրված եք և լայնորեն ճանաչված աշխարհի տարբեր երկրներում:
Սիրելի մաեստրո, այս տոնական առիթով գնահատանքով ենք անդրադառնում, որ մեր մշակույթի անդաստանում մեծ վաստակի և հայ երգարվեստի զարգացմանն ի նպաստ անխոնջ և բազմարդյուն ջանքերի համար Մենք մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակիդ, մեծ երաժշտիդ ու արվեստագետիդ շնորհել ենք Հայ Եկեղեցու պատվո բարձր պարգևը` Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանը։ Դուք արդարորեն գնահատվել եք մեր հայրենի պետության կողմից՝ արժանանալով Հայաաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:
Տոնական այս առիթով ի խորոց սրտի աղոթք ենք բարձրացնում, որ Տերը քաջառողջություն, ամենայն բարիք պարգևի Ձեզ` շարունակելու համար նորանոր հաջողություններով ծառայել մեր երկրին, ժողովրդին ու մշակույթին», - ասված է Վեհափառ Հայրապետի շնորհավորագրում: