Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել Իսրայելի Վարչապետ Արիել Շարոնին
Հուլիս 31-ին Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վանական խորհրդի անդամներին, ովքեր Նորին Սրբության բացակայության վարել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ընթացիկ գործերը եւ լսեց նրանց զեկույցը: Վերջում Նորին Սրբությունը իր գնահատանքը հայտնեց խորհրդի անդամներին տարված աշխատանքների համար եւ տեղեկություններ հաղորդեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Պարոն Տեր կալվածքի շուրջ ծավալված զարգացումների վերաբերյալ՝ ի մասնավորի հայտնելով, որ Պատրիարքարանը հայց է ներկայացրել Իսրայելի դատական բարձրագույն ատյան:
Վեհափառ Հայրապետը նաեւ խորհրդի անդամներին հայտնեց, որ հատուկ նամակ է հղել Իսրայելի Վարչապետ Արիել Շարոնին, կոչ ուղղելով Իսրայելի կառավարությանը ընդառաջ Պատրիարքարանի հայցին ընդունելի լուծում գտնել միջազգային հնչեղություն ստացած «Պարոն տեր» կալվածքի շուրջ ծագած խնդրին՝ չխաթարելով 400 տարուց ի վեր Հայոց Պատրիարքարանին պատկանող կալվածքի հոգեւոր- մշակութային արժեքը:
Նորին Սրբությունը մշտապես կապի մեջ է Ամենապատիվ Պատրիարք Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: