Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ՌԴ Նովոսիբիրսկի մարզ
Նոյեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հրավերով մեկնեց Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաք` հանդիսապետելու նորակառույց հայկական եկեղեցու օծման արարողությունը:
Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում էին Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Վեհափառի գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը և ազգային բարերար տիար Գաբրիել Չեմբերջյանը:
Քաղաքի «Տոլմաչովո» օդանավակայանում Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեցին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուս Ուղղափառ Եկեղեցու Նովոսիբիրսկի և Բերդսկի միտրոպոլիտ Տիխոնը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, նորակառույց եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Գրիգոր քահանա Բեկնազարյանը և հայ համայնքի ղեկավար Կոլյա Կուլիջանյանը, թեմի հոգևոր դասի և Նովոսիբիրսկի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Տեղի ունեցավ ավանդական աղ ու հացի արարողություն, որից հետո Հայոց Հայրապետն իր օրհնությունը բաշխեց ներկաներին:
Նոյեմբերի 17-ի առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունն այցելեց նահանգապետարան, ուր հանդիպում տեղի ունեցավ Նովոսիբիրսկի նահանգապետ պրն. Անդրեյ Տրավնիկովի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիար Վարդան Տողանյանը:
Նովոսիբիրսկի նահանգապետը ջերմությամբ ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Նովոսիբիրսկի մարզ` նշելով, որ այն պատմական իրադարձություն է մարզային կյանքում, որը մեծ խանդավառություն է առաջացրել մարզի հայկական բնակչության և քրիստոնեական այլ հարանվանությունների հետևորդների մոտ:
Պրն. Տրավնիկովը Հայոց Հովվապետին ընդհանուր տեղեկություններ փոխանցեց մարզի վերաբերյալ` մասնավորապես անդրադառնալով մարզի հոգևոր կյանքին, տարբեր ազգային և կրոնական համայնքների խաղաղ ու համերաշխ hամակեցության ապահովմանն ուղղված ծրագրերի մասին: Խոսելով հայ համայնքի ներկայության և մարզի զարգացման գործում ունեցած դերակատարության մասին` նահանգապետը ուրախությամբ ընդգծեց, որ մարզի միակ հայկական եկեղեցու կառուցումը պիտի նպաստի հայության ազգային, հոգևոր կյանքի առավել աշխուժացմանը: Պրն. Անդրեյ Տրավնիկովը գոհունակությամբ նշեց համայնքի և պետական կառույցների միջև առկա գործակցության և տարբեր սոցիալական ու մշակութային ծրագրերում ակտիվ ներգրավվածության մասին:
Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շնորհակալություն հայտնելով Նովոսիբիրսկի մարզում ցուցաբերված ջերմ ընդունելության համար, ևս ուրախություն հայտնեց այցելության կապակցությամբ` արձանագրելով, որ եկել է իր օրհնությունը բաշխելու և խնդակից դառնալու հայ համայնքի ուրախությանը` ազգային-եկեղեցական կյանքում կարևոր իրագործման` հայկական եկեղեցու օծման առիթով:
Այս առնչությամբ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց մարզային և քաղաքային իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի և նրա ազգային-հոգևոր կյանքի հանդեպ մշտական ուշադրության համար: Անդրադառնալով Ռուսիո երկրում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի երեքհարյուրամյա ներկայությանը` Հայոց Հովվապետն ընդգծեց, որ երկրում կայք հաստատած հայորդիները նվիրական պարտք են նկատել եկեղեցի և կրթական հաստատություններ հիմնել` պահպանելով իրենց ազգային ինքությունը: Ըստ Հայրապետի խոսքի, հայ ժողովրդի զավակներն աստվածսիրությունը նաև նույնականացրել են հայրենասիրության հետ` իրենց կարևոր նպաստը բերելով իրենց հյուրընկալած Ռուսաստանի բարօր և պայծառ կյանքի կերտմանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ փաստեց Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ փոխհարաբերությունները և գործակցությունը ի խնդիր երկու ժողովուրդների հոգևոր կյանքի զորացման:
Հանդիպմանը խոսքով հանդես եկան նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը և ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Վարդան Տողանյանը`անդրադարձ կատարելով երկու հավատակից ժողովուրդների ընդհանրություններին և հայ-ռուսական բազմադարյան բարեկամությանը: