Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Հռոմ
Հայրապետական այցով Իտալիայում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 23-ին շքախմբի ուղեկցությամբ Միլանից մեկնեց Հռոմ:
Նորին Սրբությանն ուղեկցում են Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը և կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Այցի շրջանակներում Հռոմի հայկական Սուրբ Վլաս եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչներին:
«Հրաշափառ»-ի հանդիսավոր արարողությունից հետո Նորին Սրբությանը բարիգալստյան խոսք հղեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Այնուհետև ներկաներին իր հայրապետական պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վեհափառ Հայրապետը նշեց, որ մեր ժողովուրդը դարերի մեջ դժվարություններ ու փորձություններ դիմագրավեց, ցեղասպանություն վերապրելով ցրվեց աշխարհով մեկ, բայց ամենուր արթուն եղավ հավատքի մեջ, համբերեց նեղությունների մեջ և հավատքի գործերով զարդարեց իր ընթացքը, վերակերտեց ու կազմակերպեց իր ազգային-եկեղեցական կյանքը:
Նորին Սրբությունն իր ուրախությունն արտահայտեց օրեր առաջ Միլանի Սրբոց Քառասնից մանկանց եկեղեցու հաստատման 60-ամյա նշանակալի հոբելյանի հանդիսությանը մասնակցելու առիթով` բարձրորեն գնահատելով իտալահայերի նախանձախնդրությունը հանդեպ հոգևորը և նախնյաց ավանդները, նրանց որդիական հավատարմությունը հանդեպ հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
Հայրապետական իր օրհնությունը բերելով հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց զորեղ մնալ ազգային գիտակցության մեջ, իրենց սրտերում մշտավառ պահել Սուրբ Գրիգոր Լուսավորչի հավատո կանթեղի լույսը և նախանձախնդրությունը նախնյաց ժառանգության հանդեպ:
Աղոթք բարձրացվեց նաև խաղաղության, հայրենիքի հզոր ապագայի և մեր ժողովրդի բարօրության ու նորոգ առաջընթացի համար:
Հանդիպմանը ներկա էին Իտալիո հայոց հոգևոր հովիվ և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը, բարձրաստիճան հյուրեր Վատիկանի Սուրբ Աթոռից, Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների, ինչպես նաև Իտալիայում և Վատիկանում հավատարմագրված ՀՀ դեսպանատների ներկայացուցիչներ:
Հոկտեմբերի 24-ին Վատիկանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կհանդիպի Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ: