Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Բեռլին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Բեռլին 17.10.2017

Հոկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը 5-օրյա այցով մեկնեց Բեռլին (Գերմանիային Դաշնային Հանրապետություն)` Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների պետերի հետ մասնակցելու Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի հիշատակության շրջանակներում անցկացվող պաշտոնական միջոցառումներին:

Այցի շրջանակներում նախատեսվում է Նորին Սրբության և Արևելյան Ուղղափառ եկեղեցապետերի հանդիպումը ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, ինչպես նաև հանդիպում Գերմանիայի հայոց թեմի Բեռլինի հայ համայնքի հետ:

Վեհափառ Հայրապետն օրհնության խոսքով հանդես է գալու նաև «Մերձավոր Արևելքի քրիստոնյաները» միջազգային գիտաժողովի բացմանը:

Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների հովվապետերի նախագահությամբ հոկտեմբերի 21-ին Բեռլինի Մայր Տաճարում տեղի է ունենալու միջեկեղեցական աղոթք` Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ու պահպանման համար:

Նորին Սրբությանն ուղեկցող պատվիրակության կազմում են Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբադյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Հառիճի Թրբանճյան ընծայարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը որպես Նորին Սրբության գավազանակիր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը և Մայր Աթոռի Իրավաբանական-խորհրդատվական հանձնախմբի անդամ, ի. գ. թ. Թամարա Շաքարյանը: