Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ 29.04.2021

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում Վեհափառ Հայրապետը կհանդիպի թեմակալ առաջնորդի և թեմական խորհրդի հետ։ Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ՝ քննարկելու նրանց հոգածությամբ  իրականացվող ծրագրերը:

Նախատեսվում են այլ անձանց և կազմակերպությունների հետ հանդիպումներ, որոնց ընթացքում կարծարծվեն արցախյան երկրորդ պատերազմի պատճառած հետևանքների և առկա մարտահրավերների հետ առնչված հարցեր։

Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետի հետ լինելու են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և  Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հատուկ տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ։